Ռուբեն Թորոսյանն իր անդամությունը չի սառեցրել

««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի տեղեկատվություն-հայտարարությունը ՀԱԿ-ում մեր ինչ որ «սառեցման» մասին, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարդու իրավունքներ – 96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանն` անդրադառնալով այն հայտարարություններին, թե իր կուսակցությունը սառեցրել է համագործակցությունը ՀԱԿ դաշինքի հետ:

«Չի համապատասխանում իրականությանը նաև այն, որ մենք երբևէ միացել ենք ինչ-որ նախաձեռնության «նախկին ընդդիմադիր դաշինքի անդամ կուսակցությունների վերամիավորման համար»:
Ավելին, այս խնդրում մեզ մտահոգում են ՀՀ օրենսդրությանն անհասկանալի այդ եզրույթները, որոնք օգտագործվում են նաև ԶԼՄ-ների կողմից, մասնավորապես՝ սառեցում, նախկին Դաշինք, «ՀԱԿ» դաշինքի վերամիավորում և այլն:
Իսկ խնդիրն, ավելի քան, պարզ է և իրավական, այն է՝ ՀՀ օրենդրության պահանջների կոպիտ խախտումներով.
1. ՀՀՇ-ին է նվիրվել «ՀԱԿ» դաշինքի անվանումը,
2. Երևանի Ավագանու ընտրություններում մասնակցել է «ՀԱԿ» անվանումով գոյություն չունեցող ՀՀՇ կուսակցություն,
3. ԱԺ «ՀԱԿ» խմբակցությունում գործում են լուծարված կուսակցությունների ընտրական ցուցակներով ընտրված անձիք,
4. «ՀԱԿ» դաշինքի ֆինանսական միջոցներին տնօրինում է ինչ որ ՀԱԿԿ և այլն:

Այսինքն, եթե ավազակաիշխանությունը և նրա կերտած «ընդդիմությունները» թքել են ՀՀ օրենդրության պահանջների վրա, դա չի նշանակում, որ մենք էլ նույնը պետք է անենք կամ համակերպվենք:

Այնպես որ, մենք եղել, կանք և մնում ենք «ՀԱԿ» դաշինքի Հռչակագիր-պայմանագրում, որն ունի խմբակցություն Ազգային ժողովում և որևէ առնչություն չունենք «սառեցվածների», «վերամիավորողների», ինչպես նաև հարմարվողների կամ համակերպվողների հետ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում Պետրոս Մակեյանը հայտարարել էր, որ «ՄԻ-96» սառեցրել է համագործակցությունն իրենց հետ ու չի մասնակցի ՀԱԿ դաշինքի հավաքներին:

Տեսանյութեր

Լրահոս