
Մանդելայի վիճակը ծայրահեղ ծանր է

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի վիճակը երեկ վատթարացել է, բժիշկները այն գնահատում են որպես ծայրահեղ ծանր: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է երկրի կառավարությունը:
94-ամյա նախկին նախագահը մայրաքաղաք Պրետորիայի հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 8-ին` թոքի ախտահարմամբ: Վերջին կես տարվա ընթացքում նա չորրորդ անգամ է հոսպիտալացվել:
Կառավարությունը հայտարարել է, որ հիվանդանոցում Մանդելային այցելել են Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման եւ իշխող Աֆրիկյան ազգային կոնգրես կուսակցության ղեկավարի տեղակալ Սիրիլ Ռամաֆոսան:
Ըստ նույն աղբյուրի, բժիշկները անում են հնարավորը նախկին նախագահի ապաքինման համար: