Պռոշյանում մթնոլորտը լարված է. ՀՀԿ-ն առաջադրել է սպանված գյուղապետի մրցակցին
Հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի են ունենալու գյուղապետի արտահերթ ընտրություններ: Առաջադրվել է գյուղապետի 5 թեկնածու: Ինչպիսի՞ ընտրություններ են սպասում թեկնածուները եւ ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում գյուղում նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո: ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է գյուղապետի դաշնակցական թեկնածու Վովա Սահակյանի հետ: «Պայքար: Եթե բառը պայքար է, արդեն հասկանալի է, որ պայքար է լինելու: Սովորական հայաստանյան իրավիճակին բնորոշ ընտրապայքար է լինելու»,- ասել է Վովա Սահակյանը:
«Արդեն որերորդ ընտրությունն է՝ փորձում են, անում են, բայց չի հաջողվում: Այս անգամ էլ կփորձեն, կանեն, իսկ թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը»,- պատասխանելով մեր լրագրողի այն հարցին, թե սպասում են, որ կլինեն ազատ ընտրություններ, ասել է Վովա Սահակյանը: Վերջինս վստահեցրել է, որ իր կողքին կանգնած է Դաշնակցություն կուսակցությունը: Վովա Սահակյանը հայտնել է, որ նախկին գյուղապետի սպանությունից հետո մթնոլորտը Պռոշյանում շարունակում է մնալ լարված:
«Մթնոլորտը լարված է, բնականաբար, սպանություն է եղել, գնում է նախաքննություն, մարդիկ սպասում են, իհարկե, ներքին լարվածություն, ներքին անհանգստություն կա»,- ասել է նա:
Դաշնակցական թեկնածուն հայտնել է, որ անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ընտրությունները գյուղում անցնեն նորմալ, ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան: Նա նաև հայտնել է, որ չեն վախենում ՀՀԿ-ականներից եւ վստահ են իրենց հաղթանակին: «Մենք՝ դաշնակցականներս ո՛չ թուրքական սուլթանից, ո՛չ ռուսական ցարից, և առավել ևս ո՛չ էլ մեր ներքին թուրքից չենք վախենում: Իհարկե, կլինենք առավել աչալուրջ, բայց չենք վախենալու»,- եզրափակել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.