Բաժիններ՝

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է շինարարության արժեքի հաշվարկման հարցը

Գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությունը քննարկելու նպատակով հունիսի 24-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Սամվել Թադեւոսյանը շեշտելով հարցի կարեւորությունը հորդորեց ներկաներին մանրակրիտ ու հիմնարար ուսումնասիրել այն. «կառավարության համար սկզբունքային է շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի վերանայման հարցը, բայց պետք չէ շտապողականություն ցուցաբերել, քանի որ կտրուկ քայլերը կարող են բացասական ազդեցություն ունենալ շինարարության որակի վրա, կամ նպաստել առանց այն էլ մասնագետների կարիք ունեցող շիանարարության ոլորտից մասնագետների հեռացմանը»,- ընդգծեց պարոն Թադևոսյանը:

Նախարար Թադևոսյանը տեղեկացրեց, որ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը 2011 թվականին մշակել է գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի նոր մեթոդաբանությունը, որով սկզբունքայնորեն փոխվում է վերադիր հաշվարկման մեխանիզմը:

Վերահսկիչ պալատը (ՎՊ) եւս շինարարության արժեքի հաշվարկման կարգի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել, որով տոկոսադրույքների ուղղակի կրճատմամբ նախատեսվում է շինարարության արժեքի նվազեցում մինչեւ 20%-ի չափով եւ պետական միջոցների տնտեսում:

Նախարար Ս. Թադեւոսյանը հաշվի առնելով հարցի բազմաշերտությունը` կոչ արեց հանձնաժողովի մասնակիցներին սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն  շինարարության արժեքի հաշվարկման նոր կարգը սեպտեմբերին կառավարություն ներկայացնելիս:

Հիշեցնենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի որոշմամբ` «Պետական կարիք­ների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքա­տեսակների կողմնորոշիչ գների եւ շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկ­ման կարգը հաստատելու մասին» որոշման 3-րդ կետի պահանջների կատար­ման եւ ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացրած առաջար­կությունների քննարկման նպատակով:

Նիստում քննարկում ծավալվեց նաև շինմոնտաժային աշխատանքներում նյութերի, աշխատավարձի և այլ ծախսերի մասնաբաժնին վերաբերվող հարցերի շուրջ:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս