Աբովյանի հայտնի գործարարի սպանության գործն ուղարկվել է Զինվորական դատախազություն
Աբովյան քաղաքում գործարար Մկրտիչ Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Զինվորական դատախազություն մեղադրանքը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հավելելով, որ հավանաբար գործը կուղարկվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Հիշեցնենք, որ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ գործարար Մկրտիչ Խաչատրյանը վնասվածքներ էր ստացել մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատրյանին ծեծի են ենթարկել Ալբերտ Քարհանյանը, Վարդան և Վահրամ Գագիկի Գրիգորյանները:
Վարդան և Վահրամ Գրիգորյաններին հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Դեպքը տեղի էր ունեցել նախորդ տարի սեպտեմբերի 13-ին, «ՄԱ Պլազա» ժամանցային համալիրի դիմաց: Ծեծկռտուքի հետևանքով գործարար Մկրտիչ Խաչատրյանը մահացել է: