Քննարկվել են կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ զինվորական ծառայությունից խուսափելու վերաբերյալ քրեական գործերի հեռանկարները
ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափող անձանց վերաբերյալ քննության տարբեր փուլերում գտնվող քրեական գործերի հեռանկարները քննարկելու նպատակով:
Նշենք, որ hունիսի 8-ից ուժի մեջ են մտել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում և «ՀՀ քրեական օրենսգրքում» Ազգային ժողովի կողմից ընդունած լրացումները, որոնք վերաբերում են կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափողներին:
ՀՀ ԱԺ-ի կողմից 02.05.2013 թվականին «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված նախադեպային իրավական դիրքորոշումներին:
Ըստ այդմ` կկարճվեն դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և և կդադարեցվի քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում կամ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ` «Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը», 327.1-րդ` «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը», 327.2-րդ` «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը», 327.3-րդ` «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը», և 327.4-րդ` «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը», հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար` կրոնական համոզմունքների պատճառով, եթե այդ անձինք մինչև 2013թ. օգոստոսի 1-ը դիմում կներկայացնեն` այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ և կներգրավվեն այդ ծառայության մեջ:
Տեղեկացնենք, որ 30 քրեական գործ գտնվում է մինչդատական վարույթում, 11-ը` դատական քննության փուլում, իսկ ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար մեղավոր ճանաչված 33 դատապարտյալներ պատիժ են կրում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում:
Հաշվի առնելով այդ հանգամանքը և նշված օրենքի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1518(2001) հանձնարարականի պահանջներից բխելը` ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է պարզել կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ այլընտրանքային ծառայությունից խուսափած մեղադրյալների կամ ամբաստանյալների դիրքորոշումը, պարզաբանել օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգով մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը համապատասխան դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը, որից հետո լուծել քրեական գործերի հետագա ընթացքը:
ՀՀ գլխավոր դատախազություն