Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Կարևորելով տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ քաղաքապետը ողջունել է Երևանում կազմակերպվող քաղաքային նշանակության միջոցառումներին դեսպանության և անձամբ դեսպանի ակտիվ մասնակցությունը, նաև պատրաստակամություն հայտնել քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցելու նախաձեռնություններին:
«Երևան քաղաքի, ինչպես նաև վարչական շրջանների և ԱՄՆ գործընկեր քաղաքների միջև առկա են ջերմ հարաբերություններ: Վստահ եմ, որ առաջիկայում դրանք էլ ավելի կընդլայնվեն ու կամրապնդվեն, և կունենանք հաջողված համագործակցություն քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար դեսպան Ջոն Հեֆերնը շնորհավորել է Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանության և քաղաքապետարանի միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կընձեռվեն:
«ԱՄՆ կառավարության, դեսպանության և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ և մաղթում նոր ձեռքբերումներ Ձեր աշխատանքում»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և բարեմաղթանքների համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեսպանի խնդրանքով անդրադարձել է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, գործունեությանը, ինչպես նաև առաջիկա 4 տարիների ընթացքում մայրաքաղաքի զարգացման ծրագրերին և դրանց հեռանկարներին: Քաղաքապետը ներկայացրել է նաև մայրաքաղաքում ներդրումային միջավայրի համար առկա բարենպաստ պայմաններն ու ընդգծել, որ քաղաքապետարանն էլ, իր լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Տարոն Մարգարյանը խոսել է նաև զբոսաշրջության զարգացման, մայրաքաղաքի բնապահպանական ծրագրերի, Կենդանաբանական այգու վերակառուցման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն