Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչները՝ Իտալիայում
Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) ներկայացուցիչները Իտալիայում մասնակցում են «IQ in EVS» գործընկերության հաստատման սեմինարին: Հունիսի 14-22-ը Իտալիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Թուրքիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների 40 ներկայացուցիչ մասնակցում է Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակում իրականացվող գործընկերության հաստատման սեմինարին:
Ծրագրի ընթացքում Հայաստանից հրավիրված փորձագետ Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց եվրոպական կամավորական շարժման նպատակներն ու խնդիրները, Եվրամիության երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններն ու ծրագրերի իրականացման մեխանիզմները:
18-30 տարեկան երիտասարդները Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ծրագրերից օգտվելով՝ կարող են եվրոպական տարբեր երկրներում իրականացնել կարճաժամկետ և երկարաժամկետ կամավորական ծառայություններ, որոնք, միաժամանակ, հնարավորություն են տալիս ծանոթանալ տվյալ երկիր մշակութային ժառանգությանը, ավանդույթներին, սովորել լեզուն, ձեռք բերել փորձառություն: Եվրոպական կամավորական ծառայության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ երիտասարդը սովորի ապրել ինքնուրույն, հաղթահարի դժվարություններն ու խոչընդոտները, կյանքի փորձ ձեռք բերի:
Երիտասարադական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի գնահատմամբ Հայաստանը եվրոպական ընտանիքի անդամ է և լիիրավ օգտվում է իրականացվող երիտասարդական ծրագրերից:
Երիտասարդական ակումբների դաշնությունը 2006 թվականից իրականացնում է EVS ծրագրեր` 100-ից ավելի հայ երիտասարդի հնարավորություն տալով մինչև մեկ տարի ժամկետով հյուրընկալվելու եվրոպական տարբեր երկրներում:
Աստղիկ Ավետիսյան
Իտալիա-Հայաստան