Հունիսի 23-ին լուսինը կդառնա «գերլուսին»
Հունիսի 23-ին Գրինվիչի ժամանակով 11:32-ին (Երևանի ժամանակով 15:32) Լուսինը, առավելագույնս կմոտենա Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ: Այս մաիսն հայտնում է Հայկական աստղագիտական ընկերությունը։
Այս տեսարժան աստղագիտական երևույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին» և նույնիսկ վախի ու սնահավատության առիթ է հանդիսանում:
Սակայն այն կրկնվում է ամեն տարի, երբ Լուսինը` Երկրի շուրջ իր անհամաչափ պտույտի ընթացքում սովորականից ավելի է մոտենում: Այս դիրքում, որ կոչվում է պերիգեոս (երկրամերձ կետ կամ մերձերկիր) Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը կկազմի 356 991 կմ, իսկ երկու շաբաթ անց` հուլիսի 7-ին, Լուսինը երկրից կհեռանա 406 490 կմ-ով` հասնելով իր ապոգեոսին (երկրահեռ կետ կամ հեռերկիր): Հիշեցնենք, որ Երկիր-Լուսին միջին հեռավորությունն է 384 400 կմ:
«Գերլուսնի» ժամանակ Լուսինը, Երկիրը և Արեգակը մի գծի վրա են հայտնվում, և Երկիրը հայտնվում է երկնային այդ երկու մարմինների միջև:
Լուսնի չափերը սովորականից 16%-ով ավելի մեծ են, իսկ պայծառությունը` սովորականից 30%-ով ավելի: Համարվում է, որ «գերլուսինը» կարող է բնական աղետների պատճառ հանդիսանալ, սակայն գիտականորեն որևէ էական ազդեցություն չի հայտնաբերված:
Այնուամենայնիվ, Լուսնի ազդեցությունը Երկրի վրա բավական զգալի է, մասնավորապես նրանով են պայմանավորված Երկրի ջրային զանգվածի` օվկիանոսների ու ծովերի, մակարդակի բարձրացումն ու իջեցումը (մակընթացությունները և տեղատվությունները): Իսկ «գերլուսնի» ժամանակ օվկիանոսների մակարդակը սովորականի համեմատ ևս մի քանի սանտիմետրով փոխվում է: Հաջորդ անգամ նման երևույթ կդիտվի 2014թ. օգոստոսի 10-ին: