ՄԻՊ-ն անդրադարձել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած ինքասպանությանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 4 զինծառայողների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մանվել Հազրոյանի ինքնասպանությանը։
* * *
Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 22-ամյա ցմահ դատապարտյալի ինքնասպանությունը ևս մեկ անգամ առիթ է հանդիսանում անդրադառնալու և բարձրաձայնելու տվյալ համակարգի բացթողումների և գոյություն ունեցող համակարգային չլուծված խնդիրների մասին: Այսպես.
1. բացակայում է սոցիալ-հոգեբանական պատշաճ ծառայությունը (նախատեսված է մեկ հոգեբան 100-ից ավելի ցմահ դատապարտյալի համար),
2. բացակայում են նաև վերականգնողական ծրագրերը (չկան մշակութային, սպորտային միջոցառումներ, պատիժը կրելու ընթացքում չեն ստեղծվում աշխատելու, կրթություն ստանալու հնարավորություններ),
3. բացակայում է գործերի վերանայման արդյունավետ մեխանիզմ,
4. բացակայում է ցմահ ազատազրկման նշանակման, կիրառման, ռեժիմների փոփոխության և վաղաժամկետ ազատ արձակման ճկուն և տարբերակված համակարգ:
Եվրոպական երկրների օրեսդրություններն այդպիսի համակարգի հիմքում դնում են առանձնացված մի քանի գործոն.
ա) հանցագործության կատարման պահին անձի տարիքը,
բ) դատվածությունների քանակը,
գ) կատարված արարքի ծանրության աստիճանը, սպանությունների քանակն ու տեսակը,
դ) դատապարտյալի անձը:
Հիշեցնենք, որ դեռևս 2012թ. ցմահ ազատազրկվածների վերոնշյալ հիմնախնդիրների վերաբերյալ Պաշտպանի կողմից ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, ի թիվս այլ օրենսդրական առաջարկների, ներկայացվել է օրենսդրական առաջարկ, ըստ որի ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս քսանմեկ տարին չլրացած անձինք, ինչը պայմանավորված է երիտասարդ տարիքում հանցագործություն կատարած անձանց կենսափորձի, մտավոր լիակատար հասունության, անձի դեռևս լիարժեք ձևավորված չլինելու հանգամանքներով, որոնցով և առաջնորդվում են եվրոպական երկրները:
Նշենք, որ սույն թվականի աշնանը Պաշտպանը հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով` քրեակատարողական հիմնարկներում տեղ գտած խնդիրների և այդ խնդիրների հիմքում ընկած պատճառների վերաբերյալ: