Տուժողը հակասեց ինքն իրեն
Ոստիկանների կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու գործով ամբաստանյալ, ՀՀ ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի օպերլիազոր Գևորգ Գևորգյանն, ըստ «Փաստինֆոյի»՝ այսօր հերքել է մեղադրանքը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, նա, մասնավորապես, հայտարարեց, որ իրենք տուժող Դավիթ Եդիգարյանից «կաշառք չեն պահանջել»:
Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով նույն վարչություն բերման ենթարկված Դավիթ Եդիգարյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել հիշյալ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանի և օպերլիազոր Գևորգ Գևորգյանի հետ:
Ամբաստանյալը հայտարարեց, որ թմրանյութ օգտագործելու կասկածն ստուգելու համար համապատասխան հետազոտությունից բերելու ճանապարհին ինքը նրա հետ «բառ չի փոխանակել», իսկ ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանն անընդմեջ խոսում էր հեռախոսով:
Ամբաստանյալը հայտարարեց, որ ամբաստանյալ Է.Զաքարյանի հետ իր հեռախոսազրույցը գործի հետ որևէ առնչություն չունի, խոսքը գնացել է Է.Զաքարյանի հոր գերեզմանաքարի հետ կապված՝ վերջինիս պարտքերի մասին:
Կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող ամբաստանյալ, ատամնաբույժ Գևորգ Մարտիրոսյանը հայտնեց, որ Է.Զաքարյանը գումար է պահանջել, որպեսզի «անալիզները մաքուր գան», տուժողը չզրկվի լիցենզիայից, իսկ բուժհիմնարկն՝ ազատվի տուգանքներից: Ամբաստանյալը հայտարարեց, որ կաշառքի միջնորդություն արել է՝ գործընկեր Դ.Եդիգարյանին օգնելու համար: Նա իրեն մեղավոր ճանաչեց ու հայտարարեց, որ զղջում է կատարածի համար:
Դատարանում լրացուցիչ հարցաքննվեց նաև տուժող Դավիթ Եդիգարյանը: Հարցաքննությունից պարզ դարձավ, որ նա լիցենզիա չունի, սակայն ունի մագիստրոսի կոչում և այն կորցնելու մտավախություն: Տուժողը հայտարարեց, որ մեքենայից իջնելիս «մաքուր անալիզների դիմաց» իրենից պահանջել են 2000 դոլար: Իսկ նրա այսօրվա հայտարարությունն առ այն, որ ոստիկանության հիշյալ վարչության շենքում իրեն գումարային պահանջ չի ներկայացվել, հակասում էր դատարանում տված նրա իսկ առաջին ցուցմունքին, ուստի՝ մեղադրող Վահագն Մուրադյանը դատարանից խնդրեց իրեն տրամադրել այդ դատական նիստի ձայնագրառման կրիչը՝ նորահայտ հակասության մասով հարցաքննությունը հաջորդ դատական նիստին շարունակելու համար:
Հունիսի 27-ի դատական նիստում տուժողի լրացուցիչ հարցաքննությունը կշարունակվի: Այդ նիստին կհրավիրվի նաև լրացուցիչ վկա Վահագն Հակոբյանը, ով, պաշտպանական կողմի կարծիքով, կարող է տեղեկություններ հայտնել Է.Զաքարյանի գումարային խնդիրների մասին: