Նաիրա Զոհրաբյանը՝ Արթուր Օսիկյանին. Մարդը չի կարող ուղղաթիռով իջնել շենքի վրա
ԱԺ արտահերթ նիստում քննարկման դրվեց «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը, որի համաձայն՝ խախտումների դիմաց սահմանված տուգանքների թիվը ավելանալու է:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ինքն ամեն օր իր մեքենան կայանում է, համապատասխանաբար՝ «դուրս գալուց առաջ» վթարային ազդանշանն է միացնում և նոր միայն դուրս գալիս, բայց ստանում է խախտումների մասին դիմումներ:
«Պետք չէ խելագարության կանխավարկածով առաջնորդվել: Եթե կարող եք հուշել տարբերակ՝ ինչպե՞ս կարելի իջնել մեքենայից՝ առանց մեքենան կանգնեցնելու, խնդրում եմ, հուշեք»,- դիմելով հիմնական զեկուցող ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին՝ ասաց Նաիրա Զոհրաբյանը: Վերջիսն նշեց նաև, թե տուգանքների համար սահմանված գումարը պետք է «սթափ տրամաբանության» մեջ տեղավորվի. «Մեքենան զեբրայից 3 միլիմետր անցնում է առաջ` գալիս է տուգանք: Դուք կարող եք վճարել, ես կարող եմ վճարել, բայց քաղացիների համար մեծացնել այս գումարի չափը՝ լրջագույն խնդիր է: Եկեք մատերի արանքով սրան չնայենք»:
Ի պատասխան՝ Արթուր Օսիկյանն էլ ասաց, թե այնպիսի վայրերում, որտեղ արգելված է կայանել` անկախ նրանից` ում տրանսպորտային միջոցն է, պետք է ձեռնպահ մնալ կանգնելուց: «Մարդը չի կարող ուղղաթիռով իջնել շենքի վրա: Եթե կա մի ձև՝ ինչպես կարող ենք իջնել մեքենայից՝ առանց կանգնելու, հուշեք: Ես անպայմանորեն, սա արդեն 75-րդ դեպքն է, դիմելու եմ բողոքարկելու»,- հակադարձեց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էլ իր մտահոգությունները հայտնեց՝ ասելով, թե տուգանքի համար սահմանված գինն անհամաչափ է քաղաքացիների աշխատավարձերի և թոշակների հետ: «Որտե՞ղ կա, որ տուգանքի չափը պետք է գերազանցի մարդու թոշակը, աշխատավարձը: Ուզո՞ւմ եք ասել մարդուն` գնա տուգանքի վճարման համա՞ր էլ բանկից վարկ վերցրու: Տուգանքի չափն ավելին է, քան աշխատավարձը: Կա՞ նման բան որևէ երկրում»,- ասաց նա:
Չնայած այս դիտարկումներին, օրինագիծն ընդունվեց 87 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: