Ջղախոտ. ժողովրդական դեղամիջոցներ

Բուժիչ նամակներ

Կանացի անպտղություն. Խառնեք 30 գ ջղախոտ մեծի (եզան լեզու) չոր տերև և 10 գ չոր, մանր կտրատած արմատ, մեխակ համեմունքային` 5 կոկոն, 15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա` 200 մլ ջրում, ավելացրեք 250 գ մեղր, եփեք ևս 10 րոպե։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Շարունակեք մինչև վերջանա, ընդմիջեք մեկ շաբաթ, կրկնեք։

  • 10 գ ջղախոտ մեծի սերմը 24 ժամ թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում` փաթաթեք լաթով։ Խմեք քնելուց առաջ, առանց քամելու։ Ունի թույլ լուծողական, հակաբորբոքային ազդեցություն։

Արգանդային արյունահոսություն, կանանց և տղամարդկանց անպտղություն. 1 ճ/գ ջղախոտ մեծի չոր մանրացրած տերևները 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Տրախեիտ. Խառնեք 30-ական գ մատուտակի արմատ և ջղախոտի տերև, 20-ական գ մանուշակի և տատրակի խոտեր։

  • 2 ճ/գ հումքը 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` 200 մլ ջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։
  • 2 ճ/գ ջղախոտի չոր տերևը 8 ժամ թրմեք 200 մլ զտված (նախօրոք եռացրած) սառը ջրում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` 1 ժամ ընդմիջումով։ Խորհուրդ է տրվում միզապարկի բորբոքման, լուծի և բրոնխիտի դեպքում։

Քրոնիկ բրոնխիտ. Խառնեք ջղախոտի տերև, սոճու բողբոջ, տատրակի տերև, խնկածաղիկ սովորականի խոտ (1։1։1։2)։ 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, մութ տեղում, քամեք։ Խմեք-60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

  • Ապակե տարայի մեջ շերտ առ շերտ լցրեք ջղախոտի տերև և շաքարավազ (5։3)։ Պահեք (փակ կափարիչով) 2 շաբաթ հով տեղում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` ուտելուց առաջ։ Շարունակեք 1 ամիս։

Մրսածություն, հարբուխ. Խառնեք երիցուկի, ջղախոտի և եղինջի խոտերը (1։1։1)։ 2 ճ/գ հումքը 10 րոպե եփեք 500 մլ ջրի մեջ, 20 րոպե թրմեք։ Ձեռքերն իջեցրեք գոլ թուրմի մեջ, պարբերաբար ավելացրեք տաք ջուր, հասցրեք ջերմաստիճանը մինչև 40-50 C-ի։
Մարսողությունը կարգավորող, աղեստամոքսային համակարգը մաքրող թուրմ. 1 ճ/գ չոր տերևը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 5 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Աթերոսկլերոզ. Նախորդ դեղատոմսի ողջ չափաբաժինը խմեք փոքր կումերով` 1 ժամվա ընթացքում։
Հիպերտոնիա. 20 գ չոր մանրացրած տերև 14 օր թրմեք 200 մլ օղու մեջ, տաք տեղում, քամեք։ Խմեք 30-ական կաթիլ` օրը 3 անգամ։
Հիպերտոնիա, աթերոսկլերոզ. Խմեք 2-ական թ/գ ջղախոտի հյութ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
Ոգեթուրմեր. Աղացեք ջղախոտի արմատը, ցողունը, տերևը, մամլման եղանակով զտեք հյութը, պահածոյացրեք։ Հյութը լուծեք օղու (1։1) կամ 70 տոկոսանոց սպիրտի մեջ (4։1), 2 շաբաթ թրմեք մութ տեղում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Շարունակեք 2 ամիս։

Խորհուրդ է տրվում ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ թարախային արտադրությամբ ուղղորդվող ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, բրոնխիտի (որպես խորխաբեր միջոց) դեպքում։

  •   60 գ ջղախոտի մանրացրած թարմ տերևը 12 օր թրմեք 200 մլ օղու մեջ, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` 100 մլ գոլ ջրի հետ։ Շարունակեք 2 շաբաթ, կրկնեք 1 շաբաթ ընդմիջումից հետո։

Թութք.  Ջղախոտի 1 ճ/գ սերմը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Ունի ցավազրկող, արյունարգել հատկություն։
Փորկապություն. Տրորեք ջղախոտի չորացրած սերմը հավանգի մեջ, մաղեք։ Խմեք կեսական թ/գ փոշիացրած սերմ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, կամ 2-4 թ/գ` նախքան քնելը։
Պիելոնեֆրիտ. (Կիրառեք որպես օժանդակ միջոց` հիմնական բուժումը ստանալուց հետո)։

Խառնեք 10-ական գրամ սև հաղարջենու և կեչու տերևներ, գիհու պտուղ, գայլուկի կոն, 20-ական գ արջախաղողի, հապալասի, ջղախոտի տերևներ, 30 գ եղինջ երկտունի տերև, 40 գ մասուրի պտուղ, 60-ական գետնամորու պտուղ և ձիաձետ դաշտայինի խոտ։ 10 գ հումքը 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` 500 մլ ջրում, քամեք։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 1-2 ամիս։
Խոլեցիստիտ. 1 ճ/գ տերևը 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` 200 մլ ջրում, քամեք։ Խմեք կումերով 1 ժամվա ընթացքում։
Ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ. Աղացեք ջղախոտի տերևը, թանզիֆով զտեք հյութը։ Խմեք 50 մլ` նախաճաշից 30-40 րոպե առաջ։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 7 օր, կրկնեք ևս 2 անգամ։

  • 3 ճ/գ ջղախոտի տերևը 30 րոպե եփեք մարմանդ կրակի վրա 400 մլ ջրում, քամեք։ Լրացրեք եփուկի ծավալը եռջրով։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։
  • Կերեք ջղախոտի մատղաշ տերև։

Շագանակագեղձի բորբոքում. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած ջղախոտի, սոխի, գազարի, մաղադանոսի, համեմի սերմեր։ 2 ճ/գ հումքին ավելացրեք 500 մլ եռջուր, 30 րոպե պահեք կրակի վրա (ջրային բաղնիք)։ Թրմեք 10 րոպե, քամեք։ Խմեք 100 մլ նախաճաշից 30 րոպե առաջ, և 200 մլ, երբ պառկեք քնելու (անկողնում դրեք ջեռակ)։

Դեղամիջոցը խմելու ընթացքում պարտադիր է միզել նստած դիրքով։
Շաքարային դիաբետ. 1 ճ/գ կտրատած ջղախոտի տերևը 20 րոպե թրմեք 100 մլ եռջրի մեջ։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Անգինա, տոնզիլիտ. 4 ճ/գ թարմ տերևը (կամ 2 ճ/գ չորը) 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ողողումներ։
Ստամոքսի և 12-մատնյա աղիի խոց. 1 ճ/գ մանրացրած ջղախոտի սերմը 10 ժամ թրմեք ջերմապահում` 200 մլ եռջրով, քամեք։ Խմեք 30-ական մլ` օրը 3 անգամ` ուտելուց առաջ։
Շարունակեք 1 ամիս, ընդմիջեք 1 ամիս։ Կրկնեք աշնանային և գարնանային սրացումների ժամանակ։
Միզապարկի բորբոքում. 25 գ սերմը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Տեսողությունը պայծառացնող. Հավանգով մանրացրեք 1 թ/գ ջղախոտի սերմ, 30 րոպե թրմեք 100 մլ տաք ջրի մեջ, քամեք։ Թրջոց դրեք աչքերին։

«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։

Տեսանյութեր

Լրահոս