Եվս երկու ամսով երկարացվել է Վարդան Ղուկասյանի եղբորորդու կալանքի ժամկետը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ևս երկու ամսով երկարացրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի կալանքի ժամկետը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Վ.Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Վ.Ղուկասյանը կալանքի մեջ է գտնվում ապրիլի 24-ից և մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը:
Մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում՝ իր վրա հարձակում է կատարվել, ինչի հետևանքով ինքը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Վ.Ղուկասյանն իրեն «մեղավոր» է ճանաչում միայն, որ «հասցրել է պաշտպանվել»:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Նրանք Գյումրիում առավել հայտնի են համապատասխանաբար «Քավոր Հարութ» և «Շեկո» մականուններով և համարվում են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդիկ։
Բացի Վահե Ղուկասյանից, այս գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև Հարություն Խաչատրյանի, նույն ինքը՝ «Քավոր Հարութի» անչափահաս որդին՝ 1995 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։