Իշխան Զաքարյանը՝ Հրայր Թովմասյանին. Էժան-թանկ գումարում-հանում ենք՝ 200 մլն ավել գումար եք տարել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր` հետևելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի օրինակին, ով նախօրեին իր հետ Աժ էր բերել մի կտոր մալուխ, ԱԺ եկել էր փայտե կտորով` իր բերած օրինակն ավելի պատկերավոր դարձնելու համար:

«Այդ չարաբաստիկ մալուխի մասին նույնիսկ վարսավիրս է խոսում: Ասում են՝ մալուխը 10 անգամ ավելի գնով եք գնել, այն դեպքում, երբ իրականում մալուխի մրցույթ չի եղել: Եթե ես մալուխ գնեի այդ գնով, այդ մարդու գլուխը պետք է պոկվեր, որովհետև տասը անգամ ավել է գնել,- ԱԺ ամբիոնից անկեղծացել էր նա, ապա ավելացրել,- Այս ամբիոնից արդեն հնչել է, որ իրականում մալուխի մրցույթ չի եղել: Իհարկե, երևի նման բաներ այստեղ ցույց տալն անտեղի կլինի, բայց սա փայտ է, սովորական փայտ, որի շուկայական գինը 230 հազար դրամ է, բայց նույն շինարարը սա գնել է 1600 դրամով: Չգիտեմ` ի՞նչ է եղել, ինձ հետաքրքրում է, մի բան, որ այդ շինարարը փաթեթով նախատեսվածից վերջին արդյունքում նախահաշվից 15 մլն դրամով պակաս է կատարել: Եթե ես կոստյում եմ գնում, չպետք է նայեմ, թե կոստյումի կոճակները որքան թանկ արժեն, ես գնում եմ այն կոստյումը, որը ավելի էժան է»:

Արձագանքելով Հ. Թովմասյանի այս հայտարարությանը՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից ասաց, թե վարկային միջոցների օգտագործման մասին խորհրդարանական քննարկումներն իր մոտ «վերերկրային, արտառոց» տպավորություն են ստեղծել.

«Երբ ասում եմ, մալուխն արժի 110 դրամ, բայց ձևակերպված է ավելի թանկ, նախարարը ցույց է տալիս փայտի կտորն ու ասում, թե այդ փայտն արժե ավելի թանկ, քան գրված է: Շատ լավ` մենք ուրիշ բան չենք ասում, բայց արդար չէ: Ես Հրայր Թովմասյանին երկու անգամ հրավիրել եմ, ասել եմ` կա պրոբլեմ, ինքն էլ ասել է, թե իր օրոք դա չի կատարվել, որ ինքը կապ չունի` ավելին` ԾԻԳ-ի հետ էլ կապ չունի: Բայց ՎՊ մասնագետները ասում են, որ մեկը էժան է գնվել, մյուսը՝ թանկ, բայց էժան-թանկ գումարում-հանում ենք՝ 200 մլն ավել գումար եք տարել: Սա է մեր ասածը»:

Իշխան Զաքարյանի դիտարկմամբ՝ մի գնումը կարող է էժան լինել, մյուսը` թանկ, ապա շեշտեց, որ առաջարկել է նայել նախահաշիվը, բայց իրեն ասել են, թե նախահաշիվը հիմք չէ: «Ո՞նց հիմք չէ: Ստացվում է, որ քաղաքաշինության նախարարարությունը, տրանսպորտի նախարարությունը կարող է շինարարություն անել՝ բազալտե սալիկները 700 դրամով տեղադրել, ԾԻԳ-ն էլ՝ 15-24 հազար դրամով: էս ի՞նչ տրամաբանություն է: Բա էդ դեպքում ՎՊ-ն ի՞նչ մոտեցում տա, ասեք՝ ո՞րն է ճիշտ : Մեզ համար ճիշտը գործող քաղաքաշինական նորմերով խնդրի կարգավորումն է»,- հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս