Արմեն Գևորգյան. Ինչո՞ւ ՎՊ-ն չի ուղարկել դատախազություն՝ մեր խնդիրը չէ

«ՀՀ կառավարությունը որևէ ձևով ցանկություն չունի խուսափել պատասխանատվությունից»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը` անդրադառնալով այն քննադատություններին, թե Կառավարությունը խուսափում է պատասխանատվության ենթարկել Վերահսկիչ Պալատի 2012թ. տարեկան հաշվետվության մեջ չարաշահումների ու յուրացումների մեջ մեղադրվող պաշտոնյաներին:

Արմեն Գևորգյանի դիտարկմամբ՝ այն խնդիրները, որոնք հիմնավոր են և ենթակա են օրենսդրությամբ սահմանված կարգով լուծվելու, դրանց համար պատասխանատվությունը կրում է ՀՀ գործադիրը մարմինը, որովհետև այդ աշխատակիցները Կառավարության ներկայացուցիչներ են:

«Մյուս կողմից՝ ես կողմնակից եմ, որ բոլոր քննարկումները կրեն օբյեկտիվ, արդար բնույթ: Որովհետև այստեղից հնչած գնահատականերն այնպիսին են, որ բոլորը` առանց բացառությունների, կաշառված են, միտված են պետական բյուջեն թալանելուն: Մոռանում եք, որ նման գնահատականներ տալով, խոսում եք այն քաղաքացիների մասին, ովքեր առավոտյան 9-ին գալիս են աշխատանքի ու բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը: Առավել ևս՝ երբ գիտեք` ի՞նչ պայմաններում են աշխատում նրանք` մեր իսկ հաստատած պետական բյուջեի միջոցների մասով»:

Նա կոչ արեց Կառավարությանը չմեղադրել այն բանի համար, ինչն իրենց պարտականությունների մեջ չէ. «Գոնե այս հաշվետվության մասով: Ինչո՞ւ ՎՊ-ն չի ուղարկել դատախազություն՝ մեր խնդիրը չէ. մենք մեր մասով աշխատանքը կատարել ենք: Մենք չենք ասում, որ խնդիրներ չկան. խնդիրներ կան ու կառավարությունը գիտակցում է, որ դրանց պատասխանատուն ինքն է, որպես ծրագրերի իրականացնող, որպես գործադիր: Մենք մեծ ցանկություն ունենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ ամեն ինչ անելու, որ արձանագրված խնդիրները նախ վերանան, ապա գոնե՝ նվազեն դրանք ծնող պատճառները»:

Տեսանյութեր

Լրահոս