Ինչու Սերժ Սարգսյանը չներեց Մարգար Օհանյանին. մամուլ
«Օրերս «ՉԻ»-ին հայտնի դարձավ չափազանց հետաքրքիր պատմություն՝ կապված ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտոնանկության, ապա մեղադրյալի աթոռին հայտնվելու, հետո ազատազրկման դատապարտվելու հետ»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.
«Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը որոշ ժամանակ առաջ մտնում է եղբոր մոտ և նրան խնդրում, որ իր որդու աներոջը, որը երկար տարիներ աշխատել է ճանապարհային ոստիկանությունում, մի նորմալ պաշտոն տա: Սերժ Սարգսյանը համաձայնում է և համապատասխան հանձնարարական է տալիս այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
Սերժ Սարգսյանը պարզապես Ալիկ Սերգեյիչին հորդորում է կանչել եղբոր խնամուն՝ նայել նրա փաստաթղթերը՝ կրթություն, աշխատանքային ստաժ և այլն, ապա մի կարգին գործ առաջարկել «գայի» համակարգում: Ալիկ Սարգսյանն էլ իր հերթին հանձնարարում է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին կանչել վերոնշյալ անձնավորությանը, լսել ու հասկանալ, թե ինչ գործ է վերջինս ակնկալում, ապա նշանակում անել:
Մարգար Օհանյանը «շեֆի» հանձնարարականից հետո կանչում է Սարգսյանների խնամուն և նրա հետ զրույցի ժամանակ հասկանում է, որ վերջինս ցանկություն ունի որևէ «մռուի» պետ աշխատել: Հետո խոսակցությունն այնպես է ընթանում, որ Մարգար Օհանյանը ասում է, որ ընդհանրապես այդ պաշտոնն արժե 30 հազար ԱՄՆ դոլար, բայց քանի որ իր համար «միջնորդել» են, ինքն այդ նշանակումը կիրականացնի 15 հազար ԱՄՆ դոլարով: Կողմերը բաժանվում են:
Լևոն Սարգսյանի խնամին իր հերթին պատմում է, որ իրեն կանչել են, ու այսպիսի խոսակցություն է տեղի ունեցել: Լևոն Սարգսյանն էլ իր հերթին տեղեկացնում է եղբորը՝ Սերժ Սարգսյանին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում: