Թալանն էլ ո՞նց է լինում․ Հովիկ Աբրահամյանի եղբայրը պետության հաշվին դիզվառելիք է գնել

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, հայրենի Մխչյան գյուղից պետական աջակցության ծրագրի շրջանակներում անցած աշնանը ձեռք է բերել 35.000 լիտր կամ 35 տոննա դիզվառելիք: Նրա տղան՝ Հովհաննես Աբրահամյանը, ձեռք է բերել 12.900 լիտր կամ 12,9 տոննա դիզվառելիք: Այս տեղեկությունը կայքի հետ հեռախոսազրույցում հաստատեց նաև Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց անապահով գյուղացիներին մատչելի գնով դիզվառելիք հատկացնել: Կառավարության հատկացրած 1 լիտր դիզվառելիքն արժե 350 դրամ, շուկայական արժեքը մոտ 450 դրամ է: 100 դրամ տարբերությունը վճարվում է ՀՀ բյուջեից: Այսինքն՝ Հենրիկ և Հովհաննես Աբրահամյանները ձեռք են բերել մոտ 48 հազար լիտր դիզվառելիք, որի դիմաց պետությունը նրանց համար վճարել է մոտ 4 մլն 800 հազար դրամ:

Սա դեռ անցած աշնանը: Այս գարնանը նույնպես Աբրահամյանները մեծ քանակությամբ մատչելի դիզվառելիք են գնել՝ կայքի հետ զրույցում ասաց Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը, բայց չհիշեց, թե որքան:

Փաստորեն, Աբրահամյանների ընտանիքը բավականին անապահով է, որ օգտվում է կառավարության ներկայացրած մատչելի ծրագրից, բայց այնքան ապահով է, որ սեզոնին միանգամից 48 տոննա դիզվառելիք է գնում: Ի դեպ, մեր ձեռքի տակ է հայտնվել փաստաթղթերի մի տրցակ, որտեղ նշված են մի շարք համայնքներում բաշխված դիզվառելիքի չափերը: Որևէ շահառու պետության հաշվին Աբրահամյանների չափ դիզվառելիք ձեռք չի բերել: Ամենաշատը նրանք են ձեռք բերել:

canks

Տեսանյութեր

Լրահոս