Բաժիններ՝

Քրեակատարողական հիմնարկից ծրագրել է տարբեր խարդախություններ

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել խարդախություն կատարելու համար հայր և որդի Ալեքսանյաններին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:

Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա.Ալեքսանյանը, ով խարդախության համար դատարանի` 2012թ. հունիսի 19-ի դատավճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետով դատապարտվել էր ազատազրկման` ձևով 14 տարի ժամկետով, քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում շարունակել է ծրագրել տարբեր խարդախություններ՝ դրանց կատարման մեջ ներգրավելով նաեւ որդուն:

Ըստ դատավճռի` հայր և որդի Ալեքսանյանները խարդախություն կատարել են ինչպես միասին, այնպես էլ` առանձին:

Այսպես.
Ա.Ալեքսանյանի որդին՝ Ն.Ալեքսանյանը, խարդախության մի դեպքը կատարել է միայնակ: Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերին, տեղեկանալով, որ Այնթապ գյուղի բնակչուհի Ս.Գրիգորյանի որդին պետք է զորակոչվի ժամկետային զինծառայության, խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս համոզել է, թե իր ծանոթների միջոցով կարող է նրա որդու զինվորական ծառայությունը կազմակերպել ՀՀ տարածքում, որի դիմաց պահանջել է 2700 ԱՄՆ դոլար գումար: Նշված գումարը Ն. Ալեքսանյանը մաս-մաս ստացել է եւ հափշտակել:
Մյուս երկու դեպքերում հայր եւ որդի Ալեքսանյաները գործել են միասին: Ըստ նախաքննության տվյալների՝ Ն.Ալեքսանյանը, իմանալով, որ քաղաքացի Ա. Մինասյանը նպատակ ունի իր ավտոմեքենան վաճառելու, այդ մասին տեղյակ է պահել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող հորը եւ նրան փոխանցել ավտոմեքենայի սեփականատիրոջ հեռախոսահամարները: Ա.Ալեքսանյանն ավտոմեքենան գնելու առաջարկով զանգահարել է ավտոմեքենայի սեփականատեր Ա.Մինասյանին` խնդրելով, որ ավտոմեքենայի ձեռքբերման հետ կապված գործարքները նա կատարի իր որդու` Ն. Ալեքսանյանի հետ:

Հետագայում Ն. Ալեքսանյանը կապ է հաստատել Ա.Մինասյանի հետ, ներկայացել իբրև իրական գնորդ, նրան համոզել, որ մեքենան սեփականության իրավունքով հաշվառի իր անվամբ, այն գրավադրել գրավատանը եւ ստացել 10 292 100 դրամին համարաժեք 26 000 ԱՄՆ դոլար գումար: Նշված գումարից Ն.Ալեքսանյանը Ա. Մինասյանին տվել է ընդամենը 6000 ԱՄՆ դոլար եւ 840 000 ՀՀ դրամ գումար: Իսկ մնացած 17 878 ԱՄՆ դոլարը խաբեությամբ հափշտակել է:

Մեկ այլ դրվագով Ն.Ալեքսանյանը տեղեկացել է, որ քաղաքացիներ Ռ.Քլինջյանը եւ Ղ.Ղուկասյանը Արարատի մարզի Արբաթ համայնքում վաճառում են 600 000 ԱՄՆ դոլար արժողությամբ 30.87 հեկտար հողատարածք, որի մասին Ն.Ալեքսանյանը տեղեկացրել է հորը: Խարդախությամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով Ա.Ալեքսանյանը կալանավայրից զանգահարել է նշված հողատարածքի սեփականատերերին, ներկայացել իբրեւ գործարար` խնդրելով, որ հողատարածքի հետ կապված առուվաճառքի գործարքները կատարի իր որդու` Ն.Ալեքսանյանի հետ: Վստահություն ձեռք բերելու նպատակով Ն.Ալեքսանյանը հողի սեփականատերերին 7000 ԱՄՆ դոլարի չափով կանխավճար է տվել:

Արդյունքում` 2012թ. մայիսի 31-ին վերոհիշյալ հողատարածքի նկատմամբ Ն.Ալեքսանյանը խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք: Կասկածների տեղիք չտալու համար Ն. Ալեքսանյանը հողի սեփականատերերին տվել է 20 000 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած 573 000 ԱՄՆ դոլարը` խաբեությամբ հափշտակել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. մայիսի 31-ի դատավճռով Ն.Ալեքսանյանը յուրաքանչյուր դրվագով մեղավոր է ճանաչվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման` 10 տարի ժամկետով,

Ա.Ալեքսանյանը մեղավոր ճանաչվել` 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված երկու դրվագ հանցագործությունների կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 15 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով` դատարանն Ա.Ալեքսանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում` 20 տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս