Արմեն Գևորգյանը՝ Զարուհի Փոստանջյանին. Դուք կարող եք ասել՝ չէ, չէ, չէ, ես էլ կարող եմ ասել՝ հա, հա, հա
Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընթերցեց ՎՊ հաշվետվության մեջ ընդգրկված հողային չարաշահումների մասին գրառումը, ապա նկատեց, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չարաշահումներ է իրականացրել. տեղի են ունեցել փակ, ոչ օրինական աճուրդներ: Նա վստահեցրեց, որ Երևանի քաղաքապետը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը ու հարակից զեկուցող ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանից հետաքրքրվեց, թե քանի որ Տարոն Մարգարյանը մասնակցում է ՀՀ կառավարության նիստերին, ինքը զրուցե՞լ է նրա հետ արդյունավետ հողի կառավարման և պետությանը հասցված վնասի մասին:
«Ինչո՞ւ չեք ձեռնարկում միջոցներ՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար, երբ նա լիազորություններ է ձեռք բերել, որոնք սահմանված չեն օրենքով: Սերժ Սարգսյանը տեղյակ է այս հարցից` չի ձեռնարկում, ՎՊ-ն տեղյակ է՝ որևէ բան չի ձեռնարկում»:
Ի պատասխան պատգամավորի հարցադրմանը՝ Արմեն Գևորգյանը նշեց, որ իր կարծիքով՝ հողային պաշարների հետ կապված խնդիրներ կան, որոնք օրենքով պետք է կարգավորվեն, որպեսզի համայնքներն իրենց հայեցողությամբ այդ հարցերը չլուծեն:
Զարուհի Փոստանջյանը տեղից իր բացասական վերաբերմունքը արտահայտեց, ինչին փոխվարչապետն այսպես արձագանքեց. «Դուք կարող եք ասել՝ չէ, չէ, չէ, ես էլ կարող եմ ասել՝ հա, հա, հա: Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար: Կարծում եմ` հողային պաշարների հետ կապված, այո` ցավոք, մենք խնդիրներ ունենք ու միատեսակ կարգավորումներ պետք է կազմակերպենք օրենքով: Կառավաությունը նախկինում հողային օրենսգրքի մեջ փոփոխություններ նախատեսել էր, եկեք հաշվի առնենք, որ Երևանը տեղական ինքնակառավարվող մարմին է: Նմանատիպ առաջարկություններով հանդես գալու համար կառավարությունը պետք է ունենա բավարար հիմքեր, որովհետև ինչ դուք ասացիք, կարող է կրկնակի մեկնաբանության տեղիք տալ»,- ընդգծեց նա:
Զարուհի Փոստանջյանը ընթերցեց նաև մեկ այլ օրենքի պահանջ, որպեսզի, նրա խոսքով՝ «փոխվարչապետը չտարակուսի»: Ըստ այդ օրենքի՝ քաղաքապետը քրեորեն պատժելի արարք է գործում պաշտոնական լիազորությունները չարաշահելու առումով:
«Զավեշտը նրանում է, որ պաշտոնեական դիրքի չարաշահման օբյեկտը Երևանի ավագանին է և ոչ թե քաղաքապետն է վերցրել այդ լիազորությունները ու ստանձնել դրանք: Եթե լուրջ անհանգստություն ունեք, կարող եք ձեր նախաձեռնությամբ դիմել իրավապահ մարմիններին»,- պատասխանեց Արմեն Գևորգյանը՝ ավելացնելով, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքը կարող է առաջիկայում այս հարցը դարձնել քննարկման առարկա: Փոխվարչապետի խոսքով` Կառավարության միջամտությունը քաղաքապետարանի աշխատանքների կազմակերպման գործում՝ ամենաճիշտ ձևը չէ: