«Եթե հերքում եք Վերահսկիչ պալատին, պետք է հերքեք նաև Սերժ Սարգսյանին». Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Գևորգյանին
Ազգային ժողովում շարունակվում է Վերահսկիչ Պալատի 2012թ. տարեկան հաշվետվությունը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարակից զեկուցող փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ելույթի առնչությամբ իր դիտարկումներն արեց: Ն. Փաշինյանի խոսքով, եթե Կառավարությունը չի ընդունում, որ պետբյուջեից լայնածավալ փոշիացումներ են կատարվել, ուրեմն` «նույն թափով» շարունակվելու է այս գործընացը` ընդդիմության գնահատմամբ` պետական միջոցնեի զանգվածային փոշիացումը: «Որ հերքում եք Վերահսկիչ պալատին, հարցը սրանով չի փակվում. Սերժ Սարգսյանը Կառավարության հայտնի խորհրդակցության ժամանակ շատ ավելի կոպիտ էր ասել նույն բաները, քան ՎՊ-ն: Եթե հերքում եք Վերահսկիչ պալատին, պետք է հերքեք նաև Սերժ Սարգսյանին: Այստեղ հարց է ծագում` ինչպե՞ս եղավ, որ սեպտեմբերի 15-ին ատկատները և այլ երևույթները քննարկվեցին խիստ բացասական, բայց հանկարծ մի քանի ամիս անց այդ կառավարությունը շարունակեց գործել: Սերժ Սարգսյանն ասել էր` պետք է «մեծերի գլխից բռնել»: Իսկ դուք ասում եք` Վայոց ձորի գյուղատնտեսության վարչության պետին բռնել են»,- նշեց ՀԱԿ պատգամավորը: Նիկոլ Փաշինյանը նկատեց նաև. «Մամուլի համաձայն, դուք «Տոյոտա Արմենիա» ընկերության սեփականատերերից եք, իսկ գնումների մեծ մասը հենց այս ընկերությունից է կատարվում, ու դուք շահույթով եք ստանում, ինքը ատկատի ձևերից է»:
Ի պատասխան՝ փոխվարչապետն ասաց, թե Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցի թղթակիցն այդ հարցն իրեն տվել է ու ստացել է պատասխանը, որը, նրա խոսքով, եղել է բացասական: «Եթե ես չեմ սխալվում` պետական համակարգում մեքենաները ոչ միայն «Տոյոտա Արմենիա», այլև` այլ դիստրիբյուտորներից են կատարվում: Այսօր մենք քաղաքական քննարկումներ չենք անում, ՎՊ-ն ենք քննարկում»: Ինչ վերաբերում է ՀԱԿ պատգամավորի այն դիտարկմանը, թե ինքը հերքում է Վերահսկիչ պալատին, Արմեն Գևորգյանն ասաց. «Իմ ասածները կարելի է տարբեր ձևով գնահատել, բայց ես որևէ հերքում ՎՊ-ին չեմ ներկայացրել»: Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Եթե ժամանակ գտնեք ու նայեք, Վիքիլիկսում կտեսնեք, որ «Տոյոտա Արմենիա» ընկերության 1/3-ի սեփականատերը դուք եք»: Ապա Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հարցրեց, թե ինչ է արել Կառավարությունը՝ Սերժ Սարգսյանի` «մեծերի գլխից» բռնելու մասին հանձնարակականը իրականացնելու համար: Փոխվարչապետն էլ պատասխանեց, որ հանձնարարականի վերաբերյալ վարչապետը ժամանակին սպառիչ պատասխաններ տվել է: