Արմեն Գևորգյանը համաձայն չէ, որ տեղի է ունենում պետական միջոցների «լայնածավալ փոշիացում»

Քիչ առաջ մեկնարկեց Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նստաշրջանը, որտեղ շարունակվում է քննարկվել Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվությունը: Ելույթով հանդես եկավ հարակից զեկուցող, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով հավաստիացրեց, որ կառավարությունը ՎՊ կողմից իրականացված աշխատանքին կարևորություն է տալիս: Արմեն Գևորգյանը նշեց, որ ՎՊ տարեկան հաշվետվությամբ ներկայացված դրվագները Կառավարության կողմից մեկ առ մեկ քննարկվել են, ամեն մեկի առնչությամբ ձևավորվել մոտեցումներ: Հաշվետվության մեջ արձանագրված խնդիրները, ըստ նրա, միայն 2012 թվականին չեն արձանագրվել, այլ արմատացել են տասնամյակների ընթացքում: Արմեն Գևորգյանը շեշտեց, որ իրենք չեն կարող համաձայնել, որ Կառավարության բյուջեի կատարման ընթացքում «լայնածավալ փոշիացում» է կատարվում, ինչի մասին խոսում է նաև  ՎՊ հաշվետվությունը: Փոխվարչապետի ելույթից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հարց ուղղեց հարակից զեկուցող Արմեն Գևորգյանին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչն է խանգարում Կառավարությանը՝ ՎՊ օրենքի կանոնակարգման նախաձեռնությամբ մտնել խորհրդարան: Ռուբեն Հակոբյանը առաջարկեց խնդրի դեպքում օրենսդրական նախաձեռնությամբ ներկայանալ ու հավաստիացրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունն այդ դեպքում կպաշտպանի այն: Պատգամավորն անդրադարձավ նաև ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությանը, թե գնումների ոլորտում մրցույթի շահողը մի քանի ամիս առաջ է արդեն հայտնի դառնում, գնում է ապրանքներն ու մրցույթներ սահմանելը կրում է «ձևական»: «Կառավարությունը քննարկե՞լ է այդ մրցույթների հարցը: Որո՞նք են այդ ֆիրմաները, կազմակերպությունները»,- հարցրեց Ռ. Հակոբյանը:

Ի պատասխան՝ Ա. Գևորգյանը նշեց, թե ՎՊ գործունեությունը կանոնակարգելու օրենսդրությամբ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը կոռեկտ չէ: Վերահսկիչ պալատը, նրա խոսքով,  հենց Կառավարության գործունեությանն է միտված, ուստի ՎՊ մասին օրենքում փոփոխություններ կարող են արվել պատգամավորների նախաձեռնությամբ, ինչպես արվել են նախկինում: Ըստ Արմեն Գևորգյանի՝ ակնհայտ է, որ հնչած խնդիրներին, գնահատականներին գործադիրի ոչ բոլոր ոլորտային պատասխանատուները կարող են պարզաբանումներ ներկայացնել խորհրդարանական դահլիճում. «Բայց բոլոր քննարկումները բավական խիստ աշխատանքային մթնոլորտում, բանավեճերով, տեղի են ունենում նաև ՎՊ գործընկերների հետ: Ուրիշ հարց է, որ դրանց արդյունքում կառավարության պարզաբանումները չեն արտացոլվում ՎՊ հաշվետվությունում: Դրա համար մենք որշեցինք այս տարի այդ պարզաբանումները մեր կայքում տեղադրել»: Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանի հնչեցրած հարցին՝ կապված մրցույթների հետ, Ա. Գևորգյանն ասաց, թե ինքը իվիճակի չէ բոլոր ոլորտների հետ կապված տեղեկատվություն տրամադրել, բայց նշեց, որ հարցի պատասխանը կարող է հետագայում ճշտել ու հրապարակվել. «Դրանք իմ անմիջական ծառայողական պարտականությունները չեն, չեմ կարող հաստատել կամ հերքել՝ կա՞ նման բան, թե՞ ոչ, եթե հետաքրքրման դրսևորումներ կան, կարող ենք հրապարակել»:

Տեսանյութեր

Լրահոս