ՊՆ-ն հերքում է, որ Յուրի Խաչատուրովի որդին ծեծի է ենթարկել 4 ժամկետային զինծառայողի
«Նման բան չկա, մենք այսօր առավոտյան ժամը 7-ից այդ մասին լսել ենք և ճշտել, որ դա սուտ է և ծեծ չի եղել»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով այսօր առավոտյան մի շարք լրատվամիջոցների կողմից տարածած տեղեկությունը՝ համաձայն որի շաբաթ օրը երեկոյան Յուրի Խաչատուրովի որդին ալկոհոլի ազդեցության տակ դաժան ծեծի է ենթարկել Դիլիջանի հրետանային զորամասի չորս ժամկետային զինծառայողների, որոնցից երեքը տեղափոխվել են Վանաձորի հոսպիտալ:
Ըստ NRNAK.com-ի՝ բանակում տեղի ունեցած հերթական խայտառակ դեպքի մասին կայքը հաղորդագրություն է ստացել՝ համաձայն որի ծեծված երեք հոգուն տեղափոխել են Վանաձորի հոսպիտալ, Զորիկ անունով զինվորին, ում վիճակը չափազանց ծանր է, Խաչատուրովի որդին իր սեփական մեքենայով տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ ինքը ճշտել է, և Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, այդ զորամասում եղել է 10 օր առաջ և նման դեպք չի արձանագրվել: Արծրուն Հովհաննիսյանը ծեծի մասին տեղեկությունները որակեց փողոցային ասեկոսեներ, էժան, անհիմն տեղեկություններ: