
Գյումրիում աղբատար ավտոմեքենան կողաշրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Գասպարյանը, վարելով ГАЗ 3309 մակնիշի 085 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Գործարանային փողոցից դեպի Մուշ գնացող ճանապարհահատվածում նշված ավտոմեքենայով կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Գասպարյանն ու ուղևոր, Գյումրի քաղաքի բնակիչ, 70-ամյա Արտակ Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ, բարեբախտաբար, նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Գյումրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում, և այդ ավտոմեքենայով Գյումրիում կատարվում էր աղբահանություն: