
Երևանում կին վարորդների ավտոմեքենաները բախվել են, նրանցից մեկը հայհոյանքներ տալով շոու է սարքել (լուսանկարներ)

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում, Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում, բախվել են Nissan March մակնիշի 34 LV 170 համարանիշի, և Volkswagen Vento մակնիշի 35 ԼD 801 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ վթարի վայրում Nissan March մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ երիտասարդ աղջիկ, հայհոյանքներ է տվել Volkswagen Vento մակնիշի կին վարորդի հասցեին, իսկ երբ ոստիկանները փորձել են նրան կարգի հրավիրել, սկսել է աղջկան ոչ հարիր պահվածք դրսևորել՝ հայհոյանքներ տալով ոստիկանների ներկայությամբ:
«Երբ նա տեսավ, որ իր քաջագործությունները տեսանկարահանվում է, սկսեց հայհոյանքներ տալ նաև իմ հասցեին»,- հայտնում է ֆոտոլրագրողը: Միջին տարիքի մի կին, որը ներկայացել է ոստիկանության աշխատակից և ազատամարտիկի այրի, նույնպես խոչընդոտել է ոստիկանների և ֆոտոլրագրողի աշխատանքը:
Այնուամենայնիվ, ոստիկանները կարողացել են մեծ դժվարությամբ կարգի հրավիրել այդ սանձարցակին, ով սպառնացել է մյուս կին վարորդին և ձեռքի բջջայինը շպրտել նրա ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է երկու վարորդների ինքնությունը: