Մայրը ոստիկաններին հայտնել էր, որ լճում տեսել է աղջկա դին, սակայն 4 ժամ հետո խոստովանել էր, որ իրեն այդ մասին գուշակն է ասել
Հունիսի 16-ին զավեշտալի դեպք է տեղի ունեցել Արմավիրի Մարզում: Մայրը ում անունը հասկանալի պատճառներով չի հրապարակում, զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ իր աղջիկը՝ 21 ամյա Անուշ Բունիաթյանը Արմավիրի մարզի Ակնալիճ լճում (Նախկին Այղր) ջրահեղձ է եղել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Արմավիրի մարզի վարչություն, ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի բաժիններ և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն:
Կանչով նշված լիճ են ժամանել ոստիկաններն ու Արմավիրի 1-03 ծառայության և Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ովքեր 4 ժամից ավելի որոնողական աշխատանքներ կատարելուց հետո ջրահեղձված անձի չեն հայտնաբերել: Ի վերջո մայրը խոստովանել է, որ ինքը աղջկա դին չի տեսել լճում, իսկ աղջկա լճում խեղդվելու մասին իրեն հայտնել է գուշակը:
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Բունիաթյանը 10 օրից ավել է որպես անհայտ կորած որոնվում է ոստիկանության կողմից: