«Արտագաղթի պատճառը իշխանության վարած քաղաքականությունն է»

ԱԺ քառօրյայի հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը 7 տոկոս տնտեսական աճի պարագայում արտագաղթի թվերի աճը բացատրեց այսպես. «Առաջին հերթին` պատասխանատուն իշխանությունն է: Բայց պետք չէ ձեր ձեռքերը լվանաք, քաշվեք ղրաղ ու ասեք, որ կապ չունեք դրա հետ: Երբ ժողովուրդը տեսնում է, որ այլընտրանք չկա՝ հուսահատվում է, երբ տեսնում է, որ չկա ընդդիմադիր լուրջ քաղաքական ուժ, իսկ դա ձեր անհաջողությունն է»:

Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ասաց, թե համամիտ է, որ Հայաստանի քաղաքական դաշտը, ցավոք սրտի, կայացած չէ, բայց դրանում, նրա հավաստմամբ, կա գործող իշխանության մեղքը. «Կայացած չէ, առաջին հերթին՝ իշխանության պատճառով, որովհետև հենց իշխանական մեծամասնությունը կայացած չէ. քաղաքական ուժ ու բացարձակ վարչական միավոր` դրանք տարբեր բաներ են: Ընդդիմությանը մեղադրել այս հարցում՝ ազնիվ չէ, ճիշտ չէ: Պարզապես ընդդիմության կայացման համար հիմքեր ստեղծված չեն: Միայն այն փաստը, որ կուսակցությունները գրեթե չեն ֆինանսավորվում ու ստիպված են լինում անհատներով ֆինանսավորվել, իսկ հայտնի է` ով վճարում է, նա է պատվիրում երաժշտությունը, բավական է ասել, որ կուսակցությունների կայացման համար նորմալ պայմաններ ստեղծված չեն»:

Ռուբեն Հակոբյանի խոսքով, եթե այս ամենին էլ գումարվի երկրի սոցիալական անապահով վիճակն ու այն իրականությունը, որ «ընդդիմություն լինել, նշանակում է՝ մղվել լուսանցք, ամբողջ ռեպրեսիվ հարվածների մեխանիզմը վերցնել իր վրա», ապա հասկանալի կդառնա, որ քաղաքական դաշտի կայացման համար պայմաններ չկան: «Վարչապետի բացատրությունն ինձ համար անընդունելի է: Արտագաղթի պատճառն իշխանության վարած քաղաքականությունն է»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս