ՀՀԿ-ականները` Լորետա Բարսեղյանի գործողությունների մասին
Գորիսում հնչած կրակոցներն ու դրանից հետո զարգացած իրադարձությունները շարունակում են մնալ քաղաքական ուժերի և քաղաքացիների ուշադրության կենտրոնում: Վերջիններս շարունակում են ակտիվորեն քննարկել և միևնույն ժամանակ ընդգծել, որ իշխանություններն այս անգամ ևս քաղաքական կամք չեն դրսևորի, և Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը անպատիժ կմնա:
Հունիսի 2-ի միջադեպին, ինչպես հայտնի է, ակտիվ մասնակցություն էր ցուցաբերել Սուրեն Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը: Galatv.am-ը քաղաքական ուժերի ներկայացուցիչներից գնահատականներ է հարցրել կատարվածից, և թե արդյոք կպատժվի Սուրեն Խաչատրյանը:
Ընդհանուր առմամբ, ըստ հանրապետական Սուքիաս Ավետիսյանի, Գորիսում հնչած կրակոցները պատիվ չեն բերում ո՛չ հայ ժողովրդին, և ո՛չ էլ Հայաստանին:
«Կարծում եմ, հիմա պետք չի առանց նախաքննության ավարտի փորձենք գնահատական տալ: Գնահատականը մեկն է, որը հարիր չէ մեր իրականությանը, մեր ժողովրդին և կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է կարողանա զուսպ լինել և նման միջադեպերի տեղիք չտալ»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Սուքիաս Ավետիսյանը հավատում է Սուրեն Խաչատրյանին և պնդում է, որ նա միջադեպի ժամանակ տանը քնած է եղել: «Ինչու չպետք է հավատամ, ժամը 11-ին, 12-ին մարդը չի՞ կարող քնել»:
ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նորմալ է գնահատում Սուրեն Խաչատրյանի կնոջ՝ Լորետա Բարսեղյանի գործողությունները՝ միջադեպի ժամանակ: «Կարծում եմ, որ ցանկացած կնոջ, հատկապես հայ կնոջ սիրտը պետք է ցավա, երբ որ իր տան մոտ նման լուրջ խնդիրներ են առաջանում: Վերջը իր ընտանիքն է, իր տղան է, իր բարեկամներն ու մոտիկներն են, այնպես որ, ես կարծում եմ, որ շատ նորմալ է այն»,- կարծիք է հայտնել Սուքիաս Ավետիսյանը: Ըստ նրա՝ կպատժվի նա, ով մեղավոր է, որը որոշելու է դատարանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ևս բնական է համարում Սուրեն Խաչատրյանի կնոջ՝ Լորետա Բարսեղյանի գործողությունները: «Բնական է, որ նա մայր է և պետք է իր միջամտությունը ունենար, և կարծում եմ, որ դրական եմ համարում այն տեսակետը, որ իջել է, միջամտել է, խնդրել է և փորձել է լուծումներ գտնել: Այնուհանդերձ, պետք է ասեմ, որ չպետք է խորանալ»,- ասել է նա: