Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը՝ «օֆշորային սկանդալի» և իր հարստացման մասին. մամուլ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում խոսել է հայտնի «օֆշորային սկանդալի» մասին, ինչպես նաև պատմել է, թե ինչպես է ինքը հարստացել: Հարցազրույցի այդ հատվածը ներկայացնում ենք ստորև.

-Պարոն Աբրահամյան, ՀՀ վարչապետի «օֆշորային սկանդալը», Հարություն Առաքելյանի «բաց ֆաքսերն» ուղարկվեցին դատախազություն՝ քննության, այնտեղից էլ՝ ոստիկանության թաղային քննիչներին, և չկա բացահայտում: Ինչո՞ւ իշխանության վերին օղակներում չկա այդ պատասխանատվությունը:

-Համաձայն եմ Ձեզ հետ, եթե մենք վերևից չհովանավորենք, սրան-նրան չմիջնորդենք, նման բաներ չեն լինի: Դրա համար մեզանից պետք է սկսենք: Ես ազնվորեն, անկեղծ ասած, չեմ էլ հավատում, որ վարչապետը կարող է տենց միամիտ քայլ անի, ինչ-որ օֆշորում հաշիվ բացի:

-Հաշիվ բացելը միամտությո՞ւն է:

-Այո՛, իհարկե, որովհետև ինքն այդ գործի գիտակն է. ԿԲ-ի նախագահ է եղել, ֆինանսական կառույցներում աշխատել է: Բայց սպասենք պատկան մարմինների հիմնավորմանը: Ինքը ԱԺ-ի՝ թիվ մեկ ամբիոնից հերքեց՝ ասելով, թե հնարավոր է, որ մարդ որևէ մեկի փոխարեն բացի հաշիվ:

-Հա՛, գուցե բացի հաշիվ, բայց այդքան գումար որևէ մեկը որևէ մեկին պարզապես կփոխանցի՞:

-Բայց ոնց որ ասաց՝ գումարները չի փոխանցել: Իհարկե, եթե հաշիվը բացելուց հետո գումար է գալիս, ուրեմն ինչ-որ տեղ պայմանավորվածություն պետք է լինի: Բայց այդ գումար գալու փաստը դեռ չի ապացուցվել: Իմ կարծիքով՝ պետք է նման քայլերին վերջ տրվի:

-Պարոն Աբրահամյան, բայց Դուք ևս մեղադրանքներից չեք կարող խուսափել: Դուք էլ բազում սեփականություններ ունեք՝ նաև ստվերից ու «ատկատից» գոյացած:

-Ես 2008թ. գործադիրում չեմ աշխատում: Ես որևէ կոռուպցիոն սկանդալի հետ կապ չեմ ունեցել:

-Իսկ ինչպե՞ս եք հարստացել:

-Աշխատանքի շնորհիվ: Աշխատել եմ Արտաշատի գործարանում, երբ սեփականաշնորհման գործընթաց սկսվեց, մենք սեփականաշնորհել ենք այն և այլն: Աշխատանքի, բիզնեսի արդյունքում: Պետական բյուջեի փողերը թալանելով ես չեմ զբաղվել, նման ցանկություն էլ չունեմ և նման մարդկանցից անգամ զզվում եմ:

ԱԺ նախագահի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս