Ինչու չի պատժվում «Եվրոմոթորսի» տնօրենը. մամուլ
««Եվրոմոթորս» ՍՊԸ տնօրեն Արթուր Եգորյանը շարունակում է ազատության մեջ հանգիստ խղճով ապրել, մինչդեռ 2012 թվականի նոյեմբերի 25-ին իր կողմից ծեծի ենթարկված Հայկազ Խաչատրյանն ապրիլի 21-ի գիշերը հիվանդանոցում մահացավ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Հայկազ Խաչատրյանը ծեծկռտուքի օրը հիվանդանոց տեղափոխվելուց հետո այդպես էլ դուրս չէր գրվել և շարունակում էր մնալ բժիշկների հսկողության տակ, այդ ընթացքում նա նաև գլխուղեղի կաթված էր ստացել:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Արթուր Եգորյանի մոր ծննդյան օրը, երբ մինչ լուսաբաց քեֆ են արել բարձր երաժշտության ներքո՝ հարևաններին պարտադրելով ողջ գիշեր «մասնակից» լինել ընտանեկան խրախճանքին։ Անքուն գիշեր անցկացրած հարևանը համարձակվել է բարձրանալ վերև ու հիշեցնել, որ շենքում, բացի իրենցից, ապրում են այլ բնակիչներ։ Այս հորդորն անձնական վիրավորանք ընդունելով՝ տանտերերը, ի դեմս թասիբով որդու, իրար են անցել։ Ո՞վ է այդ համարձակը, որ հանդգնել է լուսադեմին իրենց դուռը թակել ու հարգանք պահանջել։ Եվ փորձել են պատժել երիտասարդին։ Քաշքշուկ է սկսվել։ Կողմերը տաքացած իջել են շենքի առաջին հարկ՝ «ռազբորկան» շարունակելու։ Միջանցքում բարձրացած աղմուկից դուրս է եկել նաև Եգորյանի դուռը թակած երիտասարդի հայրը՝ Հայկազ Խաչատրյանը։ Ծեծկռտուքի ժամանակ Եգորյանը հրել է Հայկազ Խաչատրյանին, ինչի հետևանքով վերջինիս գլուխը դիպել է պատին, և նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Նշենք, որ Արթուր Եգորյանը Փայլակ Հայրապետյանի եղբոր որդին է։ Դեպքից հետո ոստիկանությունը հայտնել էր, որ միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, սակայն օրեր անց փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Գործի ընթացքը չփոխվեց Հայկազ Խաչատրյանի մահվանից հետո: Այն ժամանակ ասվեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է: Երեկ դարձյալ հետաքրքրվեցինք այս գործով. արդյո՞ք Արթուր Եգորյանին մեղադրանք է առաջադրվել, և վերջապես, որտե՞ղ են մեղավորները, սակայն ոստիկանությունից պատասխանեցին նույն նախադասությամբ՝ նախաքննությունը շարունակվում է: Գործի այս ընթացքից ենթադրվում է, որ ավելի շատ շարունակվում է ծածկադմփոցի գործընթացը:
«Հրապարակ» օրաթերթ, 15. 06. 2013