Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն չի տեղափոխվել
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Հրաչյա Սարգսյանն այսօր Կենտրոնական կլինիկական հոսպիտալից պետք է տեղափոխվեր Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն՝ հետագա բուժումն այնտեղ ստանալու նպատակով, սակայն տեղափոխումը չի իրականացվել։
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեց Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը՝ նշելով, որ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնից դեռ համապատասխան արձագանք չի եղել:
Չնայած նրան, որ Հրաչիկ Սարգսյանի ձախ կողմը պարալիզացված է, Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետը նրա վիճակը բավարար գնահատեց՝ ասելով, որ վերականգնողական պրոցեսը երկար ժամանակ կպահանջի։
«Որոշ չափով զգայողականությունը պահպանված է և մնում է շարժողական ֆունկցիան վերականգնվի, իսկ թե քանի տոկոսով կվերականգնվի, կանխատեսումներ չեմ ցանկանում անել»,- ասաց Արամ Ասատուրյանը: