Տիչինայի փողոցում «Land Cruiser»-ը կողաշրջվել է և բախվել մայթին կայանված էքսկավատորին. կա վիրավոր
Հունիսի 14-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում «Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիչինայի փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով բախվել մայթին կայանված էքսկավատորին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն: Մինչ Երևանի Ճանապարհային ոստիկանների ժամանումը ավտոմեքենայի վրայից համարանիշները հանվել են, կամ մեքենան եղել է առանց համարանիշների: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը և արդյոք նա եղել է վարորդը, թե ուղևորը: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը 37-ամյա Վաչագան Զաքարյանն է, ով այս պահին բժիշկների հսկողության տակ է: Ըստ ֆոտոլրագրողի՝ նշված փողոցը կարելի է համարել «քոռի լոտո», քանի որ արտաքին լուսավորություն ընդհանրապես գոյություն չունի: