«Երկրապահ կամավորական» հասկացությունը կկանոնակարգվի օրենքով
ՀՀ կառավարությունն առաջարկում է օրենքով սահմանել «երկրապահ կամավորական» հասկացությունը: Այսօր գործադիրի նիստում հավանություն տրվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին:
Լրագրողների հետ զրույցում ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրեց, որ սա նոր կարգավիճակ է տալիս և, ըստ էության, կանոնակարգում է երկրապահ կամավորական ազատամարտիկների կարգավիճակը: Երկրապահ կամավորականը պետք է առնվազն 3 ամիս մասնակցած լինի մարտական գործողություններին և համապատասխանի այլ չափորոշիչների, բայց պարտադիր չի, որ լինի ԵԿՄ անդամ լինել:
«Կապ չունի՝ ԵԿՄ անդամ է, թե ոչ, լքել է միությունը, թե ոչ: Ազատամարտիկներից չի պահանջվի անդամագրվել ԵԿՄ-ին: Դա աբսուրդ կլինի: Չի կարող այդպես լինել, որ ինչ-որ միության անդամ լինես, որ նոր ընկնես օրենքի տակ: Այդպես Սովետական միության տարիներին էր»,- ասաց փոխնախարարը:
Օրենքով նախատեսվում է, որ տվյալ կատեգորիայի կամավորականները կօգտվեն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված մի քանի արտոնություններից: