Վերահսկիչ պալատին առաջարկում են փոխել աշխատաոճը
«Հովիկ Աբրահամյանը մատը դրեց զարկերակի վրա, որի մասին մենք բոլորս ուզում էինք խոսել: Լավ է, որ ԱԺ նախագահն ինքն է այդ մտահոգությունները հայտնում»,- Ազգային ժողովում 2012թ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ՎՊ հաշվետվության վերաբերյալ գնահատականներին:
Պատգամավորը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին առաջարկեց. «Մենք մի աշխատաոճ ենք որդեգրել, որ բացարձակապես անհայտ է: Համաձայն եմ` լավ է, որ այս ամենի մասին ասում ենք, բայց հետո ի՞նչ, ո՞ւր ենք այսպես ուզում գնալ: Վարչապետը հայտարարեց, որ օնլայն ռեժիմով կարող ենք տեսնել, թե անգամ մի գրիչը ի՞նչ գնով ենք առնում, ումի՞ց ենք առնում… Բայց ձեր եզրակացությունը, որ կարդում ենք, դուրս է գալիս, որ մենք օնլայն ռեժիմով մեծ հանցանքների մասին տեղեկացնում ենք հասարակությանը: Եթե սենց պիտի աշխատենք, դուք էլ օնլայն ռեժիմով պատասխանեք, այս ամենը կմնա վիրտուալ տարածքում: Վերահսկիչ պալատի գործառույթը բյուջեի ծախսերը վերահսկելն է: Դուք ձեր հաշտվետվության ոճը փոխեք. ամեն հաշվետվությանն անդրադարձեք նախորդից, պատասխանները կարդացեք, ասեք՝ դրանցից ո՞րն է գոհացրել ձեզ, ո՞րը` ոչ, ո՞ր մասն է կատարվել, ո՞րը` ոչ»:
Ի. Զաքարյանը պատասխանեց, թե կիսում է պատգամավորի կարծիքը, ու հայտնեց, որ իրենք նման աշխատաոճը որդեգրել են 2013թ. համար: