Գագիկ Ծառուկյանի սենյակում գաղտնալսող սարք կա. մամուլ
«Նախագահական ընտրություններից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նրա աշխատասենյակում, տարաբնույթ խոսակցություններ սկսվեցին տարածվել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Հանդիպումից հետո Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե Ծառուկյանն իրեն ասել է, որ երբեք դուրս չի գա իշխանության դեմ, իսկ Ծառուկյանի կողմնակիցներն էլ հրապարակեցին, թե Հովհաննիսյանը գումար է խնդրել ԲՀԿ առաջնորդից:
Ի վերջո, ի՞նչ են զրուցել այդ օրը: «Ժողովուրդը» փորձեց այս հարցի պատասխանը ստանալ Ր. Հովհաննիսյանի հետ այդ օրը հանդիպման գնացած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից:
Նրա խոսքով` այն, ինչ խոսվել է, հրապարակային է եղել, բայց «գոտկատեղից ներքև հարվածն» այն էր, որ «մարդիկ առանց զգուշացնելու ձայնագրել են». «Մենք սովորություն չունենք ձայնագրել հանդիպումները, առավել ևս՝ առանց նախազգուշացնելու: Դրա համար այդ ձայնագրությունը չունենք»:
Փաստորեն, Ծառուկյանի սենյակում գաղտնալսող սարք կա, ու ցանկացած հանդիպում ձայնագրվում է, իսկ անհրաժեշտության դեպքում` հրապարակվում»:
Ռուբեն Հակոբյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: