«Սուրեն Խաչատրյանն իրեն բարոյապես շատ ընկճված է զգում». Գալուստ Սահակյան
Հունիսի 2-ի կեսգիշերին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում հնչեցին կրակոցներ, որոնց հետևանքով սպանվեց Ավետիք Բուդաղյանը: Վերջինիս հարազատ եղբոր, ԼՂՀ զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի կյանքի համար բժիշկները շարունակում են պայքարել: Դեպքից օրեր անց, ինչպես հայտնի է, Սուրեն Խաչատրյանը հրաժարական ներկայացրեց, սակայն օրեր առաջ նա դիմեց ՀՀ ոստիկանությանը: Խաչատրյանը թիկնապահ է խնդրել, իսկ թե ինչու և ինչ պատճառներով՝ նախկին մարզպետի հանրապետական գործընկերները տեղյակ չեն: Համենայնդեպս նման տեսակետ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչի համար է Սուրեն Խաչատրյանը թիկնապահ խնդրել: «Ես մանրամասներ չգիտեմ, իհարկե, կարծում եմ՝ ոչ թե այս պահին պիտի մտածենք, որ խնդիրներ չկան, այլ լրիվ հակառակը՝ խնդիրներ կան և ուշի-ուշով պիտի հետևենք հետաքննող մարմնի, նրա հայտարարություններին, առավել ևս պիտի նպաստենք, որպեսզի ավելի թափանցիկ լինի համապատասխան գործառույթները» ,- նշել է Գալուստ Սահակյանը: Վերջինս հաստատել է մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ Սուրեն Խաչատրյանը և հանրապետական որոշ ներկայացուցիչներ դեպքից հետո հանդիպել և զրուցել են: Սյունիքի նախկին մարզպետի հետ հանդիպել է նաև Գալուստ Սահակյանը: «Այո՛, հանդիպել եմ, խոսել եմ: Ինքը, բնականաբար, մասնակից չի եղել՝ ըստ իր ասածի, և ինչու չէ, նաև հետաքննող մարմինների հայտարարություններով , բայց կարծում եմ, որ իրեն բարոյապես շատ ընկճված է զգում և, այսպես ասեմ՝ մտածումները շատ խորն են»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Կպատժվի՞ արդյոք Սուրեն Խաչատրյանը հարցին Գալուստ Սահակյանը տվել է հետևյալ պատասխանը. «Եթե մեր պետությունը այն ճանապարհով գնա, որ հասարակության որոշակի շրջանակներում բացասական են տրամադրվում և առանց օրենքների պիտի պատժեն, բնականաբար, այդ դեպքում կպատժվի: Օրենքն է պատժելու, և ոչ թե իշխանությունները, ինչպես փորձում են ներկայացնել, և ցանկացած դեպքում ովքեր որ առավել մեղավորներ են, առավել ընդգծված ձևով կպատժվեն»: