Աղվան Վարդանյանը՝ կառավարությանը. «Ինչո՞ւ եք հատուկ գրգռում մարդկանց»

«Հարգելի կառավարություն, մենք մեր գյուղերը գիտենք: Գիտենք, թե ինչ վիճակ է Պռոշյանում: Վստահ եմ, մարզպետն էլ գիտի: Ինչո՞ւ եք հատուկ գրգռում մարդկանց, ի՞նչ եք ուզում ապացուցել: Պարտադի՞ր է, որ պարտականությունների կատարումը անպայման ծառայի դժգոհության մեծացմանը: Թե՞ քիչ են դժգոհության օջախները մեր երկրում: Այդ գյուղում հուլիս 14-ին ընտրություններ են: Ի՞նչ եք անում, որ պռոշյանցիները ստանան իրենց հուզող հարցերի պատասխանը, որ ոչ թե ավելի սրվի, այլ լիցքաթափվի մթնոլորտը»,- ինչպես փոխանցում է Aravot.am-ը, այսօր ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն այսպիսի հարց ուղղեց կառավարության հարցուպատասխանի ժամանակ: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ մարզպետը գործել է օրենքի շրջանակներում. «Մարզպետը իր ճանաչած մարդկանցից ընտրել է մի անձնավորութան, որին նշանակել է պաշտոնակատար: Ինքը գտնում է, որ ինքը ճիշտ ընտրություն է կատարել: Պետք է առաջնորդվել ոչ թե էմոցիաներով, պատկերացումներով, այլ օրենքի տառին համապատասխան: Այս պարագայում ես մարզպետի գործողությունների մեջ օրենքի որեւէ խախտում չեմ տեսնում: Այլ բան է, որ համայնքում իրավիճակը բավականին բարդ է այն իմաստով, որ տարբեր պատկերացում կա ապագա ընտրությունների արդյունքների հետ կապված, տեղի ունեցածի հետ կապված եւ այլն: Դրա համար ես կոչ կանեմ, որպեսզի բոլորի գործողությունները բացառապես օրենքի սահմաններում դրսեւորվեն»: Աղվան Վարդանյանն արձագանքեց, որ որեւէ մեկը չի ասում, որ օրենքի շրջանակներում չգործեն, պարզապես նշանակել են մեկին, որը նախկինում ընտրություններին մասնակցել է, 57 ձայն է ընդամենը հավաքել. «Խոսքը մի մարդու մասին է, որը հայտնի է զոհված գյուղապետի շուրջ լարվածություն ստեղծելով: Մենք չենք ուզում գրգռել: Մենք ուզում ենք, որ պետական պաշտոնյան իր պարտականությունները կատարելիս հաշվի առնի այս ամենը: Խնդրում ենք, պարոն վարչապետ, նշանակեք չեզոք մեկին, որ գյուղը հանդարտ լինի: Մեկ ամիս է մնացել ընտրություններին»: Ըստ Արմեն Գեւորգյանի, պատգամավորը ենթադրություններով է խոսում, մեղադրում մի մարդու, որին չի ճանաչում:

Aravot.am

Տեսանյութեր

Լրահոս