Կմեկնարկի դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը
Հունիսի 14-ին Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում կմեկնարկի դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը:
Ինչպես հայտնել են միջոցառման աջակից ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակից, համաժողովը հանդիսանում է արդյունավետ հարթակ դեղագործության ոլորտի մասնավոր և հանրային շահառուների համար` ծանոթանալու Հայաստանի վերջին դեղագործական ձեռքբերումներին, քննարկելու ընդհանուր խնդիրներ և նոր նախագծեր, ինչպես նաև ուսումնասիրելու համագործակցության նոր հնարավորություններ:
Համաժողովը բաղկացած է լինելու երկու նիստից։ «Դեղագործության ոլորտի ձեռքբերումները Հայաստանում» թեմայով նիստի ընթացքում կներկայացվեն Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, նոր զարգացումները, ընթացիկ բարեփոխումներն ու զարգացման ռազմավարությունները։ Համաժողովի երկրորդ մասը նվիրված է «Համաշխարհային դեղագործության լավագույն ձեռքբերումները» թեմային։
Համաժողովին զուգահեռ կանցկացվի դեղագործության ամենամյա «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը։
Համաժողովը կազմակերպում է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի և ՀՀ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։
Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ, գիտնականներ և փորձագետներ։ Միջոցառումը կմեկնարկի Բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ժամը 10:00-ին (Երևան, Կորյունի 2):