Ալեքսանդր Իսկանդարյան. Էրդողանը Ժիրինովսկու խելացի, ուժեղ և ազդեցիկ տարբերակն է

Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները կանդրադառնան ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում գործող իրավիճակի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ի պատասխան հարցին, թե կոնկրետ ինչպե՞ս կարող են Թուրքիայի մի շարք քաղաքներում շարունակվող բողոքի ակցիաները արտացոլվել Հայաստանի վրա, Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ դժվարանում է ասել, բայց պնդել, թե Թուրքիայի վարչապետ Էրդողանը Հայաստանի բարեկամն է եղել, նույնպես չի կարող:

«Էրդողանը ներկայացրել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության այն թևը, որն այժմ պառակտված է և ավելի շուտ հակահայկական է, քան հայամետ: Գյուլը (Թուրքիայի նախագահը,-Ա.Ս.) բոլորովին այլ կերպար է, նա նաև դիրքավորվում է այլ ձևով և չունի այն էներգիան, ինչ Էրդողանը:

Չէ որ Էրդողանը Ժիրինովսկու խելացի, ուժեղ և ազդեցիկ տարբերակն է, նա հրաշալի պոպուլիստ է, նա հիանալիորեն կառավարում է ամբոխը, նա, ինչպես անգլիացիներն են ասում, կարծես քաղաքական կենդանի (political animal) լինի, նա շատ լավ է զգում քաղաքական իրականությունը և լիովին կարող է դուրս գալ այս ճգնաժամից:

Բայց եթե նա այս իրավիճակից չկարողանա դուրս գալ, ապա Գյուլն ուրիշ է, իսկ այդ իրավիճակից կարող է օգտվել իհարկե Գյուլը, ոչ թե քեմալականները»,- ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Կովկասի ինստիտուտի տնօրենը նշեց, որ չգիտի, թե ինչով կվերջանան այս գործընթացները, քանի որ թուրքագետ չէ, թեև, իր խոսքերով, այժմ երևի թուրքագետներն էլ չեն կարող կանխատեսումներ անել, բայց այն, որ Թուրքիայի ներքին իրավիճակը կազդի երկրի արտաքին քաղաքականության վրա, Իսկանդարյանի կարծիքով, դրանում կասկած չկա:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը, որոնք սկիզբ առան Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Թաքսիմ հրապարակում, սկզբնական շրջանում կրում էին բնապահպանական բնույթ և ուղղված էին հրապարակի տարածքում գտնվող Գեզիի այգում առևտրական կենտրոն կառուցելու` կառավարության որոշման դեմ, սակայն հետագայում բողոքի ակցիաները տարածվեցին երկրի տասնյակ քաղաքներում և ստացան որոշակի քաղաքական երանգներ:

Տեսանյութեր

Լրահոս