Սուրիկ Խաչատրյանին վերաբերող բացահայտումների շարքը շարունակվում է (տեսանյութ)

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը շարունակում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին վերաբերող իր բացահայտումների շարքը: Aravot.am-ի հետ զրույցում նա պատմել է.

«1991 թվականին իմ քաղաքապետ ընտրվելուց առաջ, Գորիսի քաղխորհրդի գործկոմը 600 քմ հողատարածք է հատկացնում քաղաքի կենտրոնական մասերից մեկում՝ Դավիթ Բեկ հատվածում մինչ այդ չորս անգամ դատապարտված Սուրիկ Խաչատրյանին: Նա մինչև այդ  ուներ 2 սենյականոց բնակարան և մեկ ժիգուլի՝ 06: Երբ ընտրվեցի քաղխորհրդի գործկոմի նախագահ, դրանից կարճ ժամանակ անց, Սուրիկ Խաչատրյանը արդեն որպես գումարտակի հրամանատար, ներկայացավ ու խնդրեց ավելացնեմ իր այդ  600 քմ հողատարածքը հարևանների հողատարածքների հաշվին:

Մերժեցի իր բանավոր դիմումը, բայց ինչպես հետո պարզվեց՝ այդ 600 քմ տարածքը մի քանի անգամ  ավելացրեց հարևանների հաշվին: Կարճ ժամանակ անց նա սկսում է Գորիսի իր ներկայիս ապարանքի շինարարությունը: Բոլորը գիտեն, որ այդ ապարանքի շինարարության վրա մի քանի հազար գծամետր սրբատաշ բազալտ է օգտագործվել, որի համար հատուկ հանք էին բացել:

Այդ հանքը բացել էին այդ ժամանակ Գորիսում  Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցվող գմբեթի համար: Իմ ժամանակ դեռևս դժվարությամբ ֆինանսական միջոցներ հատկացրինք, որ շինարարությունը կարողանանք ավարտին հասցնել: Սուրիկ Խաչատրյանը թե’ քաղաքային ֆինանսական միջոցները, թե’ առանձին հիմնարկների, գործարարների ու քաղաքացիների նվիրատվությունները օգտագործելուց հետո, տեսնում ենք, որ տասնապատիկ ավելի սրբատաշ այդ նույն բազալտից օգտագործում է իր ապարանքի շինարարության վրա: Այդ ընթացքում փակում է Դավիթ Բեկ փողոցի մի հատվածը , պարսպապատում է և դարձնում իր առանձնատան բակ:

Հետո իր կալվածքին միացնում է իր տան դիմաց գտնվող  Գորիսի նորակառույց քաղաքային բաղնիքը: 90-ականների առաջին տարիներին՝ պատերազմի ժամանակ, մենք դժվարությամբ միջոցներ էինք հայթայթում բաղնիքի շինարարությունն ավարտին հասցնելու համար, որ գորիսեցիները, բաղնիքներ չունեցող անձինք հնարավորություն ունենան հարմարավետ բաղնիքում լողանալ: Այդ բաղնիքի շենքը սրբատաշ բազալտից է: Դրա վրա ծախսվել են հսկայական պետական միջոցներ: Այսօր 400. 000 դոլարով չես կարող նման շենք կառուցել»:

Մանրամասները` Aravot.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս