«Հաշվե՞լ եք, թե պետական փողերի որ տոկոսն է մսխվել ու վատնվել»
Այսօր ԱԺ-ում 2012-ի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Ինչպես փոխանցում է Aravot.am-ը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց նրան. «Ըստ ձեր ներկայացրած հաշվետվության, գնումների ոլորտում բյուջեից ծախսվել է 207 մլրդ դրամ կամ մոտ կես մլրդ դոլարի գումար: Ես չգիտեմ, դուք ծանո՞թ եք արդյոք Վերահսկիչ պալատի 2012-ի հաշվետվության հետ, բայց այնտեղ սպիտակի վրա սեւով գրված է, որ գնումների ոլորտում չարաշահումները կրում են համակարգային բնույթ: Բերված են բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են իրականում ծախսվում այդ փողերը: Օրինակի համար, դատաիրավական ԾԻԳ-ը գնել է 80 դատական տեղեկատվական տերմինալ` դրա համար ծախսելով մոտավորապես 368 մլն դրամ եւ ըստ Վերահսկիչ պալատի, այդ չարաշահումները, անարդյունավետ ծախսը կազմում է 165 մլն դրամ: Կեսից ավելին անարդյունավետ ծախս է: Գրված է, թե ինչպես են գնել երկու զուգարան հանրային վայրերի համար` նույնպես մենք փաստորեն գործ ունենք մի վիճակի հետ, երբ կարող էինք տասը անգամ ավելի էժան գնել: Փաստորեն խոսքը գնում էպետական միջոցների համակարգային մսխման, վատնման մասին: Ինձ հետաքրքրում է` դուք երբ կազմում էիք այս հաշվետվությունը, գնումների ոլորտում որեւէ գնահատական արե՞լ եք, հաշվե՞լ եք թե փողերի ո՞ր տոկոսն է, պետական միջոցների ո՞ր տոկոսն է վատնվում, մսխվում կամ արդյունավետ ծախսվում»: Նախարարը պատասխանեց, որ բնականաբար, պետական գնումների ոլորտում դեռ կան բազմաթիվ չլուծված հարցեր. «Այդ խնդիրների մի մասը կրում են օբյեկտիվ բնույթ, մի մասը` սուբյեկտիվ, բայց, այնուամենայնիվ, կառավարությունն ունի համապատասխան ծրագիր` քայլերի հերթականություն, որով փորձում է այդ խնդիրների լուծումը տեսնել: Ընդ որում տեսնել ոչ թե հեռավորապագայում, այլ կարճաժամկետ հորիզոնում»: Դավիթ Սարգսյանը նաեւ ասաց, որ պետք է ունեննաք նաեւ ժամանակակից, նորմալ աշխատող գնումների էլեկտրոնային համակարգ, որը կլինի թափանցիկ: Խոսելով ՎՊ-ի հաշվետվության մասին` նա նշեց. <Կան դրույթներ, որոնց վերաբերալ կան որոշակի վերապահումներ: Հիմա անդրադառնալ կոնկրետ այդ օրինակներին եւ հարցերին, կարծում եմ, որ նման անդրադարձի ժամանակ մենք կունենանք ՎՊ-ի հաշվետվության քննարկման ժամանակ, որտեղ կառավարությւոնը կներկայացնի իր մոտեցումները»: Լեւոն Զուրաբյանը դժգոհեց, որ հարցին չպատասխանեց նախարարը: