Հովիկ Աբրահամյան. Հայ-թուրքական արձանագրություններն օրակարգից հանելու որոշում ՀՀ նախագահը դեռ չի կայացրել
ՀՀԿ խորհրդի նիստում հայ-թուրքական արձանագրությունները Ազգային ժողովի օրակարգից դուրս բերելու հարցի քննարկում չի եղել, այդ հարցը գտնվում է Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների շրջանակներում, և նա նման որոշում դեռ չի կայացրել: Այս մասին Ազգային ժողովի այսօր մեկնարկած վերջին հերթական քառօրյա նիստերի օրակարգի քննարկման ժամանակ կրկին վերահաստատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի մշտապես տրվող հարցի:
Զ.Փոստանջյանը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե արդյոք ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվել է ԱԺ օրակարգից հայ-թուրքական արձանագրություններն ընդհանրապես հանելու հարցը, և ինչպիսի դիրքորոշում ունի Սերժ Սարգսյանն այս հարցի վերաբերյալ, «քանի այս պահին այս խարանը գտնվում է ԱԺ-ում, և դա մտահոգում է ողջ հայությանը»: Պատգամավորը նաև համոզմունք էր հայտնել, որ նախորդ գումարման ԱԺ-ից ժառանգություն հասած այդ «խայտառակ արձանագրություններն օրակարգում պահելը ոտնձգություն է մեր անկախության նկատմամբ»:
«Հանրապետության Նախագահը կարողացել է այնքան ճկուն գործել, որ այսօր այն փաստը, որ այս փաստաթուղթը դեռ գտնում է խորհրդարանում, օգտագործվում է որպես հաղթաքարտ, և անարգանքի սյունին է գամվում Թուրքիայի կառավարությունը, որը փաստորեն վիժեցրեց այդ արձանագրությունների վավերացումը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը, մեջբերելով իր հեղինակած հոդվածից: