Բաժիններ՝

Դատարանը բերման չենթարկեց Վ. Ղուկասյանին և դստերը, նրանք հիվանդության վերաբերյալ բժշկական տեղեկանք են ներկայացրել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: Խոսքն այն երիտասարդի մասին է, ում սպանեցին իր նշանադրության օրը, և ով պատրաստվում էր ամուսնանալ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ:

Նշենք, որ վկաների քննության փուլն արդեն ավարտվում է: Վերջին 5 վկաներին, ովքեր հրաժարվում էին ներկայանալ դատարան, անցած դատական նիստին որոշում էր կայացվել բերման ենթարկել՝ այդ թվում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա դստերը և ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մորը: Սակայն, նշենք, որ այսօր դատարանում քննությունը շարունակվել է և, ինչպես Վարդան Ղուկասյանն ու իր դուստրը, այնպես էլ ամբաստանյալի մայրը դատարան չեն ներկայացել:

«Դատական նիստը հիմա հետաձգվեց, բայց դատարանը բերման ենթարկվելիք վկաների մասին ոչինչ չասաց, ընդմիջումից հետո կամ վկաներին բերման կենթարկեն, կամ էլ դատարանը կհրապարակի արձանագրությունը՝ ոստիկանության կողմից, թե ինչն է պատճառը, որ վկաներին չեն բերել դատարան: Քանի որ բերման ենթարկելու որոշում դատարանը դեռ անցած դատական նիստին՝ մի քանի օր առաջ, կայացրել էր»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալ կողմի՝ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նշենք, որ դատարանում որպես վկա հարցաքննվել է արդեն Վարդան Ղուկասյանի եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը: Այսօր դատարանում հարցաքննվել են Մանյա Ղուկասյանի աշխատավայրի հարևանությամբ գործող խանութի աշխատակիցը, Հարություն Սարգսյանի հարևանը:

Ավելի ուշ դատարանը հրապարակել է, որ Ղուկասյանները դատարան չեն ներկայացել հիվանդության պատճառով: Դատարան է ներկայացվել հիվանդությունը հաստատող բժշկական տեղեկանք Գյումրու «Ճերմակ» հիվանդանոցից:

ԳԱԼԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս