
22-ամյա ուսանողը Peugeot-ով բախվել է Shkoda-ին և գլխիվայր շրջել. կա վիրավոր

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 11-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 00:30-ի սահմաններում Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում Նալբանդյան փողոցի բնակիչ, 22-ամյա Աշոտ Քալանթարյանը իր կողմից վարած Peugeot մակնիշի 08 ՕՍ 646 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Մանանդյան փողոցի բնակիչ, 61-ամյա Յուրիկ Աղաջանյանի վարած Shkoda մակնիշի Տ 14 91 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Shkoda-ն, որը պատկանում է «Կարմել» ՍՊԸ-ին, գլխիվայր շրջվել է, իսկ Յ. Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Քալանթարյանը սովորում է Երևանի Ճարտարապետաշինարարական պետական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսում: Ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի