Բաժիններ՝

Գյուղացիները պահանջում են վերականգնել կաթի մթերման գինը

Այսօր Շիրակի մարզի մի շարք գյուղերում կաթ մթերող ընկերությունները առանց որևէ մեկնաբանության իջեցրել են կաթի մթերման գինը. նախկին 150-ի փոխարեն գյուղացիներից կաթը գնում են 140 դրամով, այս մասին ԳԱԼԱ –ին տեղեկացրեց Շաղիկ գյուղի բնակիչ Անդրանիկ Սիմոնյանը:

«Առավոտյան եկան, ասեցին, որ կաթի գինը 10 դրամով իջեցրել են, ժողովուրդը համաձայն չէ, ոչ մեկն էլ կաթը չի տվել»: Գյուղերում ներկայումս եկամտի միակ աղբյուրը անասնապահությունն է, քանի որ  կարկտի պատճառով զրկվել են բերքից, ուստի այս նորությունը վրդովեցրել է գյուղացիներին: «Ճանապարհները փակել են, կաթի ավտոները ներքև չեն գա: Իրենք քնին-ելնին գները կփոխեն, քներից երբ զարթնան, կաթի գինը կգցեն»,-մեզ հետ զրույցում նշեց Անդրանիկ Սիմոնյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ այս վիճակում են նաև հարևան Բերդաշեն, Կառնուտ, Շուռաբադ գյուղերը, որոնց բնակիչները միավորվել և փակել են Շուռաբադ գյուղի ճանապարհը`պահանջելով վերականգնել կաթի մթերման նախկին գինը: «Ես  ունեմ 50 կաթնատու կով, օրական վաճառում եմ 500 լիտր կաթ, նույնիսկ 10 դրամը ինձ և մյուս գյուղացիների համար մեծ նշանակություն ունի, ես 4  աշխատող եմ պահում, հիմա ինչ եմ անելու»: Ինչպես տեղեկացնում են գյուղացիները` կաթի մթերման գինը իջեցրել են միաժամանակ բոլոր ընկերությունները՝ «Իգիթ»-ը, «Աշտարակ կաթ»-ը, «Ազատան»-ը և մյուսները:

ԳԱԼԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս