Գորիսի պատգամավորը հավատում է, որ Սուրեն Խաչատրյանը չի լսել կրակոցները. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը, որը համարվում է Սյունիքի մարզպետի «մանդատապահը», «Ժողովուրդի» հետ զրույցում նշել է, թե հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած կրակոցներից հետո ինքը զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Բայց նա մինչ օրս չգիտի, թե ինչից է առաջացել վեճը:
«Ժողովուրդի» դիտարկմանը, թե արդյոք մարզպետը կարող էր այդքան խորը քնել ու չտեղեկանալ, որ իր առանձնատան շրջակայքում կրակում են, ասաց. «Շատ է եղել, որ մենք իր հետ, իրենց տանը նստած՝ առաջին հարկում, կողքի հարևանի տանը խնջույք է եղել, ու պատկերացրեք, որ հնչած հրավառությունը չի լսվել: Դուք գիտեք, չէ՞, հրավառության ձայնն ինչ ուժեղ է, հավասար է թնդանոթի ձայնի: Բացի այդ, իրենց տունը գտնվում է գետի մոտ, որը շատ հաճախ խլացնում է շատ ձայներ: Ուզում եմ ասել, որ ես հավատում եմ դրան»:
Հայկ Գրիգորյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: