
Իսպանիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի արտգործնախարարարին

Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսպանիայի թագավորության նորանշանակ դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների զարգացման:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Կարբախալ Գարատեն վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, գիտակրթական փոխանակումների և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Այս առումով կարևորվեց Իսպանիայի ԱԳ նախարարի հրավերով մոտակայում ՀՀ արտգործնախարարի Մադրիդ կատարելիք այցելությունը: