Ովքե՞ր կմասնակցեն քաղաքապետի երդմնակալությանը
Վաղը տեղի կունենա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա գտնվելու հրավերներ են ուղարկվում ոչ միայն Երևանի ավագանու անդամ խմբակցություններին, այլև ԱԺ խմբակցություններին: Այնուամենայնիվ, Ազգային ժողովի ոչ բոլոր խմբակցություններին և ոչ բոլոր պատգամավորներին են ուղարկվել հրավերներ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մասնակցության հրավեր է ստացել միայն խմբակցության ղեկավարը: Ի տարբերություն Դաշնակցության, «Ժառանգության» բոլոր երեք պատգամավորները հրավեր ստացել են, իսկ ՀԱԿ-ն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, հրավեր չի ստացել: ԲՀԿ խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ նշեց, որ ինքը հրավեր չի ստացել ու տեղյակ չէ՝ իրենց պատգամավորներից ովքե՞ր են հրավիրվել, ովքե՞ր՝ ոչ:
168.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի լրատվության վարչության պետ Արթուր Սարուխանյանից փորձեցինք պարզել, թե ի՞նչ սկզբունքով են կատարվել հրավերներն, ու ովքե՞ր են հրավիրված Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը: Ի պատասխան՝ Ա. Սարուխանյանը նշեց, որ, ինչպես ամեն տարի, այս տարի ևս երդմնակալությանը մասնակցելու համար հրավիրվել են նախկին քաղաքապետեր, պետական-հասարակական գործիչներ, կառավարությունից, խորհրդարանական խմբակցություններ: «Ես չեմ կարող ասել՝ բոլորին հրավիրե՞լ են, թե՞ ոչ: Կարող եմ ասել, որ հրավիրված են խմբակցություններ»,- ասաց Սարուխանյանը՝ ավելացնելով, որ մանրամասն ինֆորմացիայի համար իրենց դիմենք գրավոր: