«ԲՀԿ-ն եղել և մնում է ՀՀԿ-ի դաշնակիցը»

168.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ ԲՀԿ ավագանու խմբակցությունը մասնակցելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը: Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում «Բարև, Երևան» դաշինքի ավագանու անդամ Ստյոպա Սաֆայանն ասաց. «Միանգամայն սպասելի զարգացումներ են, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Քաղաքական ուժերն ու հասարակությունն ինքը պետք է հետևություններ անի, որ, ըստ էության, դաշտը շատ հստակ է՝ կա իշխանություն, կա ընդդիմություն. ԲՀԿ-ն  ոչ թե այս երկուսում չէ, այլ՝ պարզապես իշխանության հետ է»: Իսկ դրա ապացույցը, Ստյոպա Սաֆարյանի խոսքով` ոչ այնքան ինագուրացիային մասնակցելն է, որքան այն, որ ԲՀԿ-ն իր պահվածքով ակնհայտորեն իշխանության դաշտում է, ինչի մասին վկայում է նրանց պահվածքը ոչ միայն առաջին նիստում, այլև՝ ընտրություններից հետո:

Հարցին, թե ավագանու առաջին նիստում բոլոր հարցերին կողմ քվեարկելուց հետո ու հիմա էլ՝ ներկայանալով Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը, այլևս տեսնո՞ւմ է համագործակցության եզրեր «Բարև, Երևան» ու ԲՀԿ-ի միջև, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Նրանք միաձայն քվեարկել են նախորդ չորս տարիներին, որևէ առարկություն չեն ունեցել ավագանիում ընդունված որոշումների կապակցությամբ, որևէ կերպ կասկածի տակ չեն դրել ՀՀԿ-ի ու ՀՀԿ քաղաքապետերի գործունեության օրինականությունը: Հետագայում էլ, ԲՀԿ-ն լինելու է ՀՀԿ-ի աջակիցը բոլոր որոշումները ավագանիում անցկացնելու հարցում: Իսկ այն հարցերում, որտեղ մենք այլ տեսակետ կներկայացնենք, քիչ հավանական եմ համարում, որ ԲՀԿ-ն աջակցի մեզ: ԲՀԿ-ն ինձ համար եղել ու մնում է ՀՀԿ-ի դաշնակից»:

Տեսանյութեր

Լրահոս