Բաժիններ՝

Ջավախքցիները սահմանին բողոքի ակցիա են արել

Այսօր վաղ առավոտյան մի խումբ` մոտ 40-50 ջավախքցի բողոքի ակցիա են անցկացրել հայ-վրացական սահմանի մոտ: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը` նրանք հիմնականում եղել են տաքսիստներ, որոնք ավելի հաճախակի են հատում սահմանը:
Ակցիայի անցկացման համար պատճառ են հանդիսացել բրոքերական միջնորդավճարները։

Պարոն Թորոսյանը նշեց, որ մինչ օրս Հայաստանի մաքսային ծառայությունները բրոքերների միջոցով են լրացրել բեռնամաքսային հայտարարագիրը, օրինակ, մեքենաների մաքսազերծումը: Հայտարարագրի համար մինչ օրս ոչ մի վճար չի գանձվել: Այժմ` մոտ մեկ շաբաթ է, բրոքերները որոշել են միջնորդավճար վերցնել` յուրաքանչյուր մեքենայի համար ամեն անցնել-դառնալուց 1000 դրամ:

Շիրակ Թորոսյանը նաեւ նշեց, որ ջավախքցիները դժգոհել են նաեւ վրացի մաքսայիններից, որոնք շատ խիստ ու մանրակրկտորեն են ստուգում սահմանը հատող մեքենաններն ու բեռները: Բողոքի ակցիայի մասնակիցները սահմանային չեզոք գոտում իրականացրած իրենց ցույցը դադարեցրել են, երբ նրանց հետ զրուցել ու խոստումներ են տվել հայ եւ վրացի մաքսային համապատասխան պաշտոնյաները:
«Ջավախք» հայրենակցական միության նախագահը եւս փորձել է իր կողմից հարցին լուծում գտնել` դիմելով պատկան մարմիններին, բացի այդ` մոտ օրերս այս հարցով քննարկումներ կլինեն ու կփորձեն հարցին լուծում գտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս